Քաղաքականություն

Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել

2 րոպեի ընթերցում

Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է», - ասել է Ռիտերը՝ հավելելով, որ հայերը շատ ուրախ են Եվրամիության դիտորդների ներկայությամբ:

Սակայն ԵՄ առաքելության ղեկավարը նաև շտապել է զսպել ակնկալիքները՝ շեշտելով, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար, նրանք չեն կարող արձանագրել, օրինակ՝ հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։

«Մենք չենք կարող միջամտել։ Մենք մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ», - ասել է Ռիտերը։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարկուս Ռիտերի հայտարարությունը:

Նա նշել է, թե Մարկուս Ռիտերի հայտարարությունները իբր հիմնված են հայկական կողմի կեղծ պնդումների վրա։

Հաջիզադեն հավելել է, որ այդ առաքելությունը չպետք է չարաշահվի, որպեսզի վնաս չհասցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում