Միջազգային

Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգված է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու Մոսկվայի հայտարարությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինայից Վաշինգտոն վերադառնալուց հետո:

Ջո Բայդենը նաև շեշտել է, որ Ռուսաստանն առայժմ նման քայլի չի դիմել:

«Նրանք այդպիսի բան դեռ չեն արել, եթե իհարկե, դա տեղի չի ունեցել, մինչ ես ուղղաթիռում էի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի տեղակայման մասին՝ Բայդենը նշել է. «Նա վտանգավոր ուղերձ է հղում, և դա անհանգստացնող է»:

Ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Միացյալ Նահանգները դեռևս չի տեսել Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայման ապացույցներ և մտադիր չէ հիպոթետիկ սցենարներ դիտարկել, թե ինչ կլինի նման զինատեսակների տեղակայման դեպքում։

Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ:

ՌԴ նախագահն այս որոշման պատճառ է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։

Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում