Միջազգային

Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին

2 րոպեի ընթերցում

Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկիրը համընդհանուր ընտրություններ կանցկացնի մայիսին: Սա տեղի է ունենում կառավարության աշխատանքից ժողովրդի դժգոհության ֆոնին, որի պատճառը 57 մարդու կյանք խլած երկաթուղային վթարն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:

Կառավարության մանդատն ավարտվում է հուլիսի սկզբին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ընտրությունները նախատեսված էր անցկացնել ապրիլին, սակայն երկու գնացքների բախումը փոխել է ծրագրերը: Գնացքների վթարից հետո մի քանի շաբաթ շարունակ բողոքի բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել՝ ընտրություններից առաջ մեծ հարված հասցնելով վարչապետ Միցոտակիսին և նրա կառավարությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ուղևորատար գնացքը, որում գտնվում էր 350 մարդ, փետրվարի 28-ին կեսգիշերից առաջ բախվել էր բեռնատար գնացքին՝ հայտնվելով նույն ռելսուղու վրա: Հարվածի հետևանքով մի քանի վագոններ դուրս էին թռել ռելսուղուց և բռնկվել: Վթարի հետևանքով 57 մարդ էր զոհվել, որոնց մեծ մասը՝ արձակուրդից վերադարձող ուսանողներ:

Ողբերգական վթարից հետո հրաժարական էր տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը, իսկ այդ օրը հերթափոխող կայարանի հսկիչին և երեք այլ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել:

Երկաթուղայինների արհմիությունները բազմիցս նախազգուշացրել էին համակարգում առկա խնդիրների մասին՝ պնդելով, որ երկաթուղային ցանցը բավարար ֆինասնավորում չի ստանում, չունի անհրաժեշտ թվով աշխատակիցներ և վթարների վտանգի տակ է գտնվում:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում