Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը 2022 թվականի արդյունքներով շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում ՀՀ արտաքին անվտանգության սպառնալիքները։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին։

Վարչապետը նկատեց, սակայն, որ 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ «Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։ Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով»,- ասաց նա։

Վարչապետը ներկայացրեց, որ 2022 թվականին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավել է 768 միլիարդ դրամով կամ 2 միլիարդ 20 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ 670 միլիարդ դրամով կամ 1 միլիարդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով։

Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է վարել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ «Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը։ Մեր գնահատականն այն է, որ այս հարցին մեկ քայլանոց լուծում գոյություն չունի։ Այս հարցի լուծման համար անհրաժեշտ է միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության խորը վերլուծություն ու դրանից բխող քայլեր։ Կառավարությունը որդեգրել է հենց այս քաղաքականությունն ու գործելակերպը՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը երկրի համար առաջ է բերում լրջագույն սպառնալիքներ ու լրջագույն հնարավորություններ։ Մեր խնդիրն է, ըստ այդմ, կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները»,- նշեց վարչապետը։

Հայերեն English Français Русский

Գյումրիի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ

«Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը

Մարտի 17-ի միջոցառումների անոնս

Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը

Քաջարանի արվեստի դպրոցի երեխաները 150 տարեկան ստեղծագործություն են բեմադրել

«Ուրարտու»-ն հաղթեց «Գանձասար»-ին

Հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է 2 հազար 77 հաղորդում, որից 1810-ը կոռուպցիոն բնույթ ունի

ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է

Բոսնիա և Հերցեգովինայի Սերբսկայա Հանրապետության նախագահը հետաքրքրված է հազվագյուտ մետաղների՝ Թրամփի հետ գործարքով

Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա