ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Ֆրիդրիխ Հյոլդեռլին, «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում»
«Հիպերիոն» վեպը Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը (1770-1843) մտահղացել է դեռ Տյուբինգենում իր ուսումնառության ժամանակ (1792): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով վերադարձել է արձակին։ Առաջին հատորը լույս է տեսել 1797 թ., երկրորդը՝ 1799 թ.։
Վեպի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին, թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Նրա հերոսներն անտիկ անուններ են կրում։ Ազգային և կրոնական ճնշումների դեմ հույների մղած պայքարը վեպում հղում է հեղինակի դարաշրջանի Եվրոպայի լուսավորչական և հումանիստական գաղափարներին։ Կենտրոնական թեմաները հեղինակի հիմնական թեմաներն են. մահը և անմահությունը, գեղեցիկը, Ամբողջը և նրա անտրոհելիութունը, Հզորը և Մաքուրը մարդկային պատմության մեջ (ֆրանսիական հեղափոխությունից, Տեռորի տարիներից ի վեր) սկիզբ առնող նսեմացման ու մանրացման դարաշրջանում։
Հերոսները կրում են նախաքրիստոնեական մշակույթից ժառանգված անուններ, սակայն հղում են հեղինակի ապրած դարաշրջանին և միջավայրին։ Վեպի հերոսուհին՝ Դիոտիման, բացահայտորեն «արտագրված է» հեղինակի սիրուց՝ Սուզետե Գոնտարդից։ Հիպերիոնը հունական դիցաբանության մեջ Երկնքի և Երկրի որդի տիտաններից մեկի անունն է։ Թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Թումանյանը՝ աշխարհի երեխաներին. բանաստեղծություններ, բալլադներ
Ընտրանին երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն, ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները, ինչպես նաև հայ բանահյուսության և համաշխարհային պոեզիայի նրա մշակումներից:
Թարմ, գունեղ նկարազարդումներով այս գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների առջև իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Գրքում ընդգրկված զվարճալի և իմաստալից բանաստեղծություններն ու բալլադները և դրանց՝ թումանյանական ոգուն հարազատ ռուսերեն թարգմանությունները նախատեսված են տարբեր տարիքի երեխաների ու պատանիների համար: Երեխաներին մատչելի լինելով հանդերձ՝ այս գրավիչ ստեղծագործությունները կհետաքրքեն նաև մեծահասակ ընթերցողին: Կազմող՝ Նազելի Կարապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Նաիրա Սահակյան, «Խաղաղության հայկական գինը»
Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։
Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետևաբար հայկական ինքնավար գոյության, հետո նաև պետության վերականգնման տարածքը։
Որո՞նք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, ապա նաև՝ բոլշևիկյան իշխանությունից։
Արևմտյան Հայաստանի ճակատագիրն ինչո՞ւ էր հայերին բաժանել լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների։
Ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ. ի՞նչ է փոխվել։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը