«Ինտեր»-ը պարտվեց Բոլոնիայում
2 րոպեի ընթերցում
![«Ինտեր»-ը պարտվեց Բոլոնիայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/02/1105058.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 24-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոլոնիայի «Դելարա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 12 րոպե անց «Բոլոնիա»-ն կարող էր բացել հանդիպման հաշիվը` դիպուկ հարվածով գնդակը «Ինտեր»-ի դարպասն ուղարկեց Բարոուն, սակայն մրցավարները դարպասի գրավում չարձանագրեցին՝ նկատելով խաղից դուրս վիճակ: Առաջին կեսում բավականին ակտիվ էր գործում նաև Հենրիխ Մխիթարյանը, սակայն թիմերն, ի վերջո, ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում «Ինտեր»-ը մի քանի վտանգավոր պահեր ուներ, սակայն չէր իրացնում դրանք: «Բոլոնիա»-ն հստակ էր գործում պաշտպանությունում: 76-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Բոլոնիա»-ն հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Պաշտպանների սխալից օգտվեց Օրսոլինին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին:
«Բոլոնիա»-«Ինտեր»` 1:0:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում և ունի 46 միավոր:
Հետևեք մեզԻնստագրամում