Միջազգային

Պատերազմի արհավիրքը դեռ չհաղթահարած ու երկրաշարժից տուժած Հալեպն «Արմենպրես»-ի նկարահանող խմբի աչքերով

3 րոպեի ընթերցում

Պատերազմի արհավիրքը դեռ չհաղթահարած ու երկրաշարժից տուժած Հալեպն «Արմենպրես»-ի նկարահանող խմբի աչքերով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիան, որտեղ 2011 թվականից սկսված դաժան հակամարտության վերջը, կարծես, չի էլ երևում, 2023 թվականին բախվեց ևս մեկ փորձության. փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ևս մեկ ծանր հարված հասցրեց երկրին՝ հանգեցնելով փլուզումների և մարդային կորուստների տարբեր բնակավայրերում:

Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով հազվադեպ երկրներ էին, որ շտապեցին մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ ուղարկել երկիր, մինչդեռ նույն երկրաշարժից տուժած Թուրքիային օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրներ:

Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Սիրիա էին ժամանել աշխարհի ընդամենը 5 երկրի 8 թիմեր, այդ թվում՝ Հայաստանը, որը արդեն իսկ կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը։ Մարդասիրական օգնությունից բացի, երկրաշարժի արհավիրքից տուժած Սիրիային Հայաստանի աջակցությունը հայտնելու համար Սիրիա էր ժամանել անձամբ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հանդիպել տեղի իշխանությունների հետ, ծանոթացել իրավիճակին:

Պաշտոնական հանդիպումներից հետո Արարատ Միրզոյանն այցելեց Հալեպ քաղաք, որը երկրաշարժից ամենաշատը տուժած բնակավայրերից մեկն է:

HM2_6390.JPG (1.31 MB)

Հայաստանի արտաքին գործերի նախարարին Սիրիա այցի ընթացքում ուղեկցում էր նաև «Արմենպրես»-ի նկարահանող խումբը, որը Հալեպում ականատես եղավ այն արհավիրքին, որը պատուհասել էր քաղաքը փետրվարի 6-ին. փողոցում վրանների մեջ քնող մարդիկ, փլուզված շենքեր, վնասված ճանապարհներ ու ենթակառուցվածքներ: Հալեպցիները դեռևս չեն հաղթահարել պատերազմի հետևանքները, իսկ երկրաշարժն էլ ավելի է խորացրել ճգնաժամը։

Մարդասիրական կազմակերպությունները օգնություն են ցուցաբերում երկրաշարժից տուժածներին, և ներկայումս վերականգնման աշխատանքներ են իրականացնում, որը, դեռևս ցավոք, չի բավականացնում հետևանքները չեզոքացնելու համար։

Տեղի իշխանությունները նշում են, որ քաղաքն ամբողջությամբ վերականգնելը դժվար և երկարատև աշխատանք կլինի։ Նրանց խոսքով՝ միջազգային հանրությունը կարող է վճռորոշ դեր խաղալ այս ավերիչ իրադարձություններից հետո Հալեպի ժողովրդին օգնելու գործում։

Չնայած բոլոր դժվարություններին՝ Հալեպի բնակիչները տոկունություն են ցուցաբերում և քրտնաջան աշխատում ՝ հաղթահարելու ինչպես պատերազմի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածությունները։

Նյութը պատրաստեց Կարեն Խաչատրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում