Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը շրջադարձային եղավ միջուկային ֆիզիկոս Սուսաննա Գագինյանի համար. 10 հարց գիտնականին
12 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը միջուկային ֆիզիկոս Սուսաննա Գագինյանին դպրոցական տարիքում տպավորած ու գիտության հանդեպ հետաքրքրություն առաջացրած կերպարներից է։ Այն ժամանակ, երբ իր հասակակիցներն արկածային գրականություն էին կարդում, Սուսաննան սիրում էր հայտնի մարդկանց կենսագրություններն ընթերցել․ Գալիլեյի կյանքի պատմությունն այդ շարքում էր։
Արդեն համալսարանական տարիներին ուսանող Սուսաննային գրավում էր ֆիզիկոսների լայն մտահորիզոնը, ազնվությունն ու ազատությունը, ու յուրաքանչյուր հաջորդ քայլ նրան ավելի էր մոտեցնում գիտությանն ու միջուկային ռեակցիաների ուսումնասիրությանը։ Երիտասարդ գիտնականի կյանքում, սակայն, մի փուլ էր եկել, երբ ցանկանում էր թողնել գիտությունը, բայց Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումն ու ոչ ֆորմալ միջավայրում նրանց հետ շփումները ցրեցին նրա բոլոր կասկածները։
Մի փոքր կպատմե՞ք ներկայիս Ձեր գործունեության մասին։
Ես գիտաշխատող եմ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում, որտեղ ուսումնասիրում եմ ծանր միջուկներում իրականացվող ռեակցիաները։ Հետազոտությունների փորձարարական մասն իրականացնում եմ ՌԴ Դուբնո քաղաքում՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, իսկ մշակումներն ու մնացած հետազոտությունները Հայաստանում է կատարվում: Իմ կողմից կատարվող աշխատանքը ֆունդամենտալ գիտություն է, որի արդյունքները հասանելի ու կիրառելի են դառնում ատոմակայանում ու արագացուցիչների վրա աշխատող մասնագետների կողմից։ Դուբնոյում աշխատանքի շրջանակներում ծանոթացա ու ընկերացա հետազոտական խմբում ներգրավված չեխ գիտնականների հետ: Այդ ծանոթությունները հիմք դրեցին նոր համագործակցության։ Յոթ տարուց ավելի է՝ համագործակցում եմ Չեխիայի Բռնոյի տեխնոլոգիական համալսարանի հետ, կատարում ենք փոխադարձ այցեր, իրականացնում համատեղ հետազոտություններ։ Կարող եմ ասել, որ դրսում մեր գիտական ներուժը շատ են գնահատում։
Նաև տիեզերական ճառագայթների ֆիզիկա եմ դասավանդում ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, զուգահեռ աշխատում եմ նաև ՏՏ ընկերություններում՝ որպես տվյալագետ:
Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում իմ ղեկավարի՝ Գեորգի Պողոսյանի հետ երկու տարին մեկ կազմակերպում ենք գիտական միջազգային համաժողով, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից մասնագետները հավաքվում են Հայաստանում ու ներկայացնում իրենց աշխատանքները: Դա շատ լավ նախաձեռնություն է թե՛ մեր՝ գիտնականների համար փորձի փոխանակման, թե՛ մեր երկրի՝ աշխարհում դիրքավորման տեսանկյունից։
Բացի այդ, ընկերներիս՝ Պայծառ Մուրադյանի ու Հռիփսիմե Մկրտչյանի հետ նախորդ տարվանից հիմնել ենք Ֆիզիկայի շրջանավարտների և ընկերների ասոցիացիան, որի նպատակն է ուսանողության ինտեգրումը տեղի ու միջազգային գիտական համայնքին՝ մասնավորապես գիտաժողովներին մասնակցության ձևով, բացի այդ՝ փորձում ենք կապեր ստեղծել ֆիզիկոսների ու հարակից ոլորտների գիտնականների ու մեր ուսանողների միջև։ Բավականին հաջողություն ենք գրանցել այս կարճ ժամանակահատվածում, մասնավորապես մի խումբ շրջանավարտներ կրթաթոշակներ են տրամադրել մեր ֆակուլտետի ուսանողներին։
Մեկ այլ նախաձեռնությամբ էլ ինքս եմ հանդես գալիս, որոշել եմ գիտությունը հանրայնացնել ու լայն զանգվածներին ասելիքս հնարավորինս մատչելի ներկայացնել։ Բլոգ եմ վարում Ինստագրամում: Նոր եմ սկսել, արդյունքները դեռևս շատ տեսանելի չեն, բայց գնալով ավելի եմ համոզվում, որ մեր հասարակությունը գիտական թեմաներով մատչելի տեղեկատվության կարիք ունի։
Ինչպե՞ս կայացրեցիք գիտնական դառնալու որոշումը:
Իմ սերը գիտության հանդեպ դպրոցական տարիներից է ձևավորվել: Երբ իմ ընկերներն արկածային գրականություն էին կարդում, ես առավել հետաքրքրվում էի հայտնի մարդկանց մասին գրքերով. նրանցից էր Գալիլեո Գալիլեյը: Նրա կենսագրությունը կարդալիս շատ ոգևորված էի, քանի որ ինքս էլ մաթեմատիկայի ու երկրաչափության սիրահար էի: Հատկապես տպավորիչ էր Գալիլեյի անցած դժվարին ուղին, այն, թե ինչպես էին նրա ծնողները ցանկանում, որ ուրիշ մասնագիտություն ընտրի, բայց ինքն այնքան էր սիրում երկրաչափությունը, որ բոլորից գաղտնի էր այցելում դասերին: Իմ դեպքում, ընդհակառակը, ծնողներս աջակցել են, որ գնամ բնագիտական ուղղությամբ: Համալսարանում արդեն իմ ղեկավարները՝ Անահիտ Բալաբեկյանն ու Գեորգի Պողոսյանն են մեծ դեր ունեցել իմ մասնագիտական կյանքում: Նրանք օգնել են, որ առավելագույնս բացահայտեմ իմ ոլորտը, այլ երկրներում փորձեր իրականացնելուն և միջազգային նախագծերում ներգրավված լինելուն են նպաստել: Դեռ ուսանողական տարիներից մասնակցում էի տարբեր համաժողովների ու աշխատաժողովների, ու գիտական միջավայրն ավելի ամրապնդեց սերն այն ամենի հանդեպ, ինչով ես զբաղվում էի:
Կհիշե՞ք որևէ շրջադարձային պահ, որ կարևոր էր Ձեր գիտական գործունեության տեսանկյունից։
Ինչպես նշեցի, գիտական բնագավառում կապեր հաստատելը շատ կարևոր է, յուրաքանչյուր ծանոթություն քո առջև նոր դռներ կարող է բացել: Այդպիսի մի հնարավորություն էլ ինձ ընձեռվեց 2020 թվականին, երբ մասնակցեցի Գերմանիայի Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը: Ֆիզիկայի ոլորտի բոլոր Նոբելյան մրցանակակիրներն այնտեղ էին։ Որպես երիտասարդ գիտաշխատող՝ հնարավորություն ունեի լսելու նրանց ելույթներն ու անձնապես շփվելու նրանց հետ: Ծրագիրը կառուցված էր այնպես, որ կարող էինք ճաշել, քայլել, զրուցել ու հարցեր տալ Նոբելյան մրցանակակիրներին։ Շատ լավ փորձառություն էր՝ հասկանալու համար, թե որքան համեստ ու հասարակ մարդիկ են նրանք: Այդ հանդիպումն էլ շատ բան փոխեց իմ մեջ: Մի պահ կար, որ մտածում էի գիտությունը թողնելու ու ամբողջովին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ տեղափոխվելու մասին, բայց հետո հասկացա, որ սա է իմ տեղը, պիտի գիտությամբ զբաղվեմ: Հայաստանին չափազանց անհրաժեշտ են գիտնականներ, եթե յուրաքանչյուրս հեռանանք գիտությունից, որպես երկիր լավ վիճակում չենք հայտնվի:
Լուսանկարում՝ Սուսաննա Գագինյանը կանադացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դոննա Սթրիքլենդի հետ
Ո՞վ էր գիտնականն՝ ըստ Ձեզ, երբ Դուք դեռ գիտական գործունեությամբ չէիք զբաղվում:
Այն ժամանակ գիտնականն անհասանելի, վեհ մեկն էր ինձ համար: Ու կյանքում չէի մտածի, որ ինքս էլ մի օր այդ ուղղությամբ կգնամ: Չնայած դեռ շուտ է ասել, որ ես գիտնական եմ ու մեծ գործեր եմ կատարել, բայց հուսով եմ՝ այդ օրը կգա:
Կա՞ն գիտնականներ, ում բացահայտումներից տպավորվել եք։
Իմ բնագավառում ամենամեծ բացահայտումն ինձ համար միջուկային էներգիայի ստացումն է, որի հեղինակը իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին է։ Այս բացահայտումը մեծապես փոխել է մեր կյանքը դեպի լավը, որովհետև ատոմակայանը մաքուր էներգիայի աղբյուր է: Կնշեմ նաև բրիտանացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդի մասին, ով համարվում է միջուկային ֆիզիկայի հիմնադիրը։ Մյուսն էլ ամերիկացի գիտնական Ռիչարդ Ֆեյնմանն է, ով քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, նաև մասնակցել է միջուկային զենքի արտադրությանը։
Ի՞նչն է ոգեշնչում արթնանալ առավոտյան:
Երբ միայնակ էի, հիմնականում ինձ աշխատանքս էր ոգևորում, որը ես շատ եմ սիրում, բայց հիմա շատացել են գործոնները՝ ընտանիքս, բալիկս, ամուսինս: Երբ առաջնեկս ծնվեց, արձակուրդ չեմ գնացել, շարունակել եմ աշխատել, ինչը ևս մեկ ցուցիչ է, թե ինչ հաճույքով եմ վերաբերվում իմ գործունեությանը:
Ինչպե՞ս է կին գիտնականի մոտ ստացվում համատեղել աշխատանքն ու ընտանիքի մասին հոգ տանելը:
Եթե սիրով ես կատարում աշխատանքդ, համատեղելն այնքան էլ բարդ չէ: Իհարկե, ծանր ապրումներ ես ունենում, երբ փոքրիկիդ ստիպված թողնում ու գնում ես աշխատանքի: Բայց եթե ես ամեն ինչ մի կողմ թողնեմ ու միայն ընտանիքով զբաղվեմ, ինձ կիսատ կզգամ: Եթե հակառակն էլ անեմ, էլի լիարժեքության զգացում չեմ ունենա: Իմ պարագայում նաև ամուսնուս աջակցությունն է շատ մեծ, քանի որ ինքն էլ գիտաշխատող է ու լավ է հասկանում մեր գործի յուրաքանչյուր մանրուք: Լինում են դժվար պահեր, երբ տարբեր հարցադրումներ են պտտվում գլխումս, բայց դրանք շատ արագ հաղթահարում ու առաջ եմ շարժվում:
Ընտանեկան միջավայրում գիտությանը վերաբերող թեմաներ շա՞տ եք քննարկում:
Սկզբնական շրջանում քննարկում էինք, բայց հետո որոշեցինք, որ ընտանիքում պետք է լինենք ամուսին-կին-ծնողներ, աշխատավայրում՝ արդեն աշխատանքով զբաղվենք: Հիմա նվազեցրել ենք այդ թեմաները, իհարկե, հետաքրքրվում ենք միմյանցից, թե ինչպես անցավ օրը, կիսվում ենք տարբեր նորություններով, բայց ֆիզիկային վերաբերող խորը քննարկումներ չենք ծավալում (հեղ.- ծիծաղում ենք):
Ի՞նչ կասեիք երեխային, ով ուզում է դառնալ գիտնական:
Կասեի, որ չվախենա անընդհատ հարցեր տալուց ու նաև ինքնուրույն փորձի գտնել դրանց պատասխանները: Այդ ճանապարհին օգտվի նաև խելացի մարդկանց խորհուրդներից: Ամեն մասնագիտություն էլ իր դժվարություններն ու հետաքրքիր կողմերն ունի: Եթե որոշի միջուկային ֆիզիկայով զբաղվել, շատ հետաքրքիր աշխարհ կբացահայտի իր համար։
Ի՞նչը կհամարեք Ձեր կարիերայի գագաթնակետը։
Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր գիտնականներն էլ նույնը կասեն՝ անել մի բան մեր երկրի համար, որ այն ավելի լավը դառնա: Իմ առջև խնդիր եմ դրել՝ աշխատել իմ ոլորտում մինչ այն պահը, երբ կգիտակցեմ, որ Հայաստանի՝ ավելի լավը դառնալու հարցում օգուտ եմ տվել։
«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև.
Երազանքս է գնալ դեղատուն և տեսնել այն դեղամիջոցը, որ ինքս եմ հայտնաբերել. Իրինա Տիրոսյան
Աշտարակից Երևան, հետո Միլան ու Բազել գիտնական դառնալու մանկության երազանքի հետևից. Սմբատ Գևորգյան
Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. Կարեն Թռչունյան
Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան
Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան
Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան
Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան
Անի Նազարյան