Քաղաքականություն

ԵԽԽՎ համազեկուցողներն արձանագրել են Լաչինի միջանցքի փակ լինելը

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ համազեկուցողներն արձանագրել են Լաչինի միջանցքի փակ լինելը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) փետրվարի 18-ին այցելել են Հայաստանն Արցախին կապող Բերձորի ճանապարհի (Լաչինի միջանցք – խմբ.) անցակետ ու արձանագրել դրա փակ լինելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանը։

«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», - նրանց ասաց Կիմմո Կիլյունենը։

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում