Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր և խորհրդանշական է համարում Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա շատ կարևոր է և խորհրդանշական է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղյակ եք, որ երեկ Արտաքին գործերի նախարարը այց է կատարել Թուրքիա, որը, կարծում եմ, շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է»,- ասաց Փաշինյանը՝ խնդրելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին մանրամասնել պատմել այցից։

Արտգործնախարարը նշեց, որ այցի և քննարկումների հիմնական թեման Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն էր։

«Պետք է փաստեմ, որ թուրքական կողմը՝ կենտրոնական, տեղական իշխանությունների և բնակչության մակարդակով դրական են գնահատել մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնության տրամադրումը։ Այս քայլը բավականին դրական արձագանքի և երախտիքի է արժանացել: Շփվել եմ նաև մեր փրկարարների հետ, պատմեցին, թե բնակչությունը ինչպես է իրենց վերաբերվել։ Կարծում եմ, որ սա կարևոր մարդասիրական քայլ էր։ Անշուշտ քննարկել ենք նաև երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, ինչպես թուրք գործընկերը լրատվամիջոցների հետ հաղորդակցման ժամանակ է ասել, ես էլ կարող եմ փաստել, որ որոշում կա արագացնել երկխոսության այս գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները։ Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:

Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման գործընթացը»,- ասաց նախարարը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գործողությունները առաջին հերթին և մեծամասամբ զուտ հումանիտար շարժառիթ ունեն և ունեցել են։

«Ընդգծեմ, որ բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պատճառով, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ։ Դա բացարձակապես անընդունելի է որևէ հիմնավորմամբ և որևէ պատճառաբանությամբ»,- եզրափակեց Փաշինյանը։

Մյուս կողմից, Փաշինյանը հիշեցրեց, որ Կառավարության գործունեության ծրագրում ընդգծվել է տարածաշրջանում Հայաստանի հարաբերությունների որակը փոխելու անհրաժեշտությունը։

«Ցավում եմ, որ նման որոշակի մթնոլորտային փոփոխություններ տեղի են ունենում այսպիսի աղետի պայմաններում, բայց երևի օբյեկտիվորեն մարդկային ողբերգությունը մարդկանց միմյանց համար ավելի հասկանելի է դարձնում, գուցե, դա նաև օբյեկտիվ իրականություն է։ Հույս ունեմ, որ սա իսկապես կարող է մի նոր ելակետ դառնալ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար։ Անիի կամրջի վերականգման համար էսքիզային նախագիծ երկար ժամանակ առաջ պատրաստել ենք, և իսկապես դա կարող է խորհրդանշական քայլ դառնալ»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Français Русский Türkçe

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները