Պաշտոնական

Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Շառլ Ազնավուրի  ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մտքեր են փոխանակվել նաև միջոցառումների ձևաչափերին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ:

Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը նման հանձնաժողով ստեղծելու համար և նշել.

««Ազնավուր» հիմնադրամի առաքելության հիմնական ուղղություններից մեկը Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է, ինչպես նաև այն բարեգործական, հումանիտար արժեքների, որոնք նա կրում էր: Այդ համատեքստում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին նախապատրաստվելը մեզ համար բացառիկ կարևոր աշխատանքային ուղղություն է»:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և այդ համատեքստում ընդգծել շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում