Ժողովրդական երգերն եմ ներկայացնում, որոնք արտացոլում են մեր ազգի պատմությունը. Գաբի Գալոյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Գաբի Գալոյանը երգել սկսել է 6 տարեկանից, դեռ փոքրուց մասնակցել է բազմաթիվ համերգների, սակայն առաջին մեծ հաջողությունը, ինչպես երգչուհին է խոստովանում, նրան բերել է «Երանի» երգը:

2017 թվականին Գաբի Գալոյանը պայմանագիր է կնքել հայ-ամերիկյան Global ATS պրոդյուսերական ընկերության հետ, ինչից հետո նրա կարիերայում սկսվել է նոր փուլ՝ «Հայաստան» նախագծի տեսքով։ Հայկական ժողովրդական սիրված երգերով երգչուհին մեկնել է World Tour խորագրով համերգային շրջագայության: Գաբին մասնակցել է Armenian Europe Music Awards in Paris մրցանակաբաշխությանը, իսկ Սոչիում կայացած «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը «Հայաստան» երգն արժանացել է տարվա երգ մրցանակին: Գաբիի առաջին մեծ մենահամերգը տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2018 թվականի մարտի 25-ին։ Նա մի շարք երկրներում մասնակցել է տարբեր փառատոնների։

Գաբին «Արմենպրես»-ին պատմել է իր անցած ճանապարհի, առաջիկա ծրագրերի մասին։

-Երգարվեստ մուտք եք գործել «Երանի» երգով։ Հետագայում հանդիսատեսը Ձեզ տեսավ և լսեց տարբեր ժանրերում: Հետահայաց նայելով՝ ինչ-որ բան կփոխեի՞ք, թե ամեն դեպքում «Երանի» այցեքարտ էր Ձեզ համար:

-«Երանի»-ն իմ առաջին և դժվարությամբ ստեղծված երգն է։ Ես այդ երգը գնելու և պատրաստելու համար երեք տարի քրտնաջան աշխատել եմ։ Այն հիթ դարձավ, նաև իմ այցեքարտը դարձավ, երգս դիպչեց մարդկանց սրտերին։ Իհարկե, ոչինչ չէի փոխի, դժվարությամբ ստեղծված երգ է, հաջողություն է բերել ինձ։

-Ինչո՞ւ Ձեր կարիերայի սկզբնական փուլից շատ չանցած հիմնականում սկսեցիք ներկայանալ ֆոլկ երաժշտությամբ։

-Ես 6 տարեկանից երգում եմ ժողովրդական և ազգագրական երգեր և գիտեի, որ մի օր վերադառնալու եմ ժողովրդական արվեստին: Պրոդյուսերական ընկերության հետ աշխատանքը առիթ դարձավ վերադառնալու սփյուռքի հանդիսատեսի մոտ, որի առջև 6 տարեկանում էի ելույթ ունեցել: Պատրաստեցինք «Հայաստան» պրոյեկտը, որի հիմնական նպատակը դարձավ Հայաստան-սփյուռք «կամուրջը» երգարվեստի միջոցով կանգուն պահելը: Մենք հայ հանդիսատեսին համախմբեցինք այդ նախագծի շուրջ։ Մարդիկ գալիս էին համերգներին իրենց սիրելի երգերը լսելու, և թվում էր, թե դա վերջ չի ունենա։

-Ելույթ եք ունեցել Բեյրութում, Դուբայում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ներկայացրել եք Հայաստանը օտարերկրյա փառատոնում 10 հազարից ավելի հանդիսատեսի առջև։ Հայաստանի և սփյուռքի հանդիսատեսի տարբերությունը ո՞րն է։

-Սփյուռքի և Հայաստանի հանդիսատեսի տարբերությունը կարոտն է սփյուռքի հանդիսատեսի սրտերում։ Կարծում եմ՝ նրանց հոգում մշտապես կարոտ կա։ Անգիր գիտեն մեր բոլոր ազգային երգերը, իսկ իմ նպատակն է պինդ պահել հայկականությունը սփյուռքում, ինչն էլ մինչ օրս անում եմ: Մեր օրերում դժվար է նոր սերնդին մեր ազգային երաժշտությունն ընկալելի կերպով հրամցնելը։ Կարծում եմ՝ իմ առաքելությունն էլ հենց դա է։

-Ինչպես նշեցինք, հյուրախաղերով եղել եք բազմաթիվ երկրներում։ Հանդիսատեսն արտիստից ի՞նչ է ակնկալում։ Ի՞նչ վառ պահեր կհիշեք։

-Ամենավառ հիշողություններից մեկն է Ավստրալիայում կայացած փառատոնը, որտեղ ելույթ էի ունենում 10 հազարից ավելի օտարերկրացի հանդիսատեսի առաջ: Այնտեղ հնչում էին մեր երգերը, նրանք չէին հասկանում երգերի խոսքերը, բայց ապրումակցում էին մեզ։ Դա ֆանտաստիկ զգացողություն էր, երաժշտությունը միավորում է բոլորին։

-Մեր երկրում այժմ դժվար շրջան է. դա ազդում է ստեղծագործող մարդու գործունեության վրա...

-Ազդում է, արտիստների վրա՝ հատկապես, բայց մենք պետք է ուժեղ լինենք։ Ես ժողովրդական երգերն եմ ներկայացնում, որոնք արտացոլում են մեր ազգի պատմությունը, երգերը պատմում են, թե ինչերի միջով ենք անցել մենք: Մեր օրորոցայինները, գութաներգերը, հորովելները... Մեր հերոսների անուններն են հիշատակվում այդ երգերում, և գալիս է մի պահ, երբ սթափվում ես ու հասկանում, որ պատմությունը կմոռացվի, եթե չհնչեն այդ երգերը։

-Առաջիկայում հանդիսատեսն ի՞նչ նորություն սպասի Գաբի Գալոյանից։

-Ունեմ հրավերներ արտերկրից և պատրաստում եմ մի շատ գեղեցիկ նոր երգ։ Առայժմ ավելին չեմ կարող ասել։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի 2025-ի ծրագրերը

Մոդին Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը

POLITICO թերթի ղեկավարությունը կեղծ է որակել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվելու մասին պնդումները

Զբոսաշրջային այցերի համար 3 մլն-ը սահմանել նշաձող․ կոմիտեն ներկայացրել է առաջիկա անելիքները

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա

Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն Գազայի հատվածը

Սիրիայի նոր կառավարությունը պատրաստակամ է երկրում Ռուսաստանի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերից

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի արտասահմանյան օգնություն ցուցաբերել

Ոստիկաններն ու փրկարարները ՀՀ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը. Պեսկով