Life

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

3 րոպեի ընթերցում

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի կիթառն, «Օգնի՛ր» (Help!, 1965) ֆիլմից, Julien's Auctions աճուրդում վաճառվել է 2,85 միլիոն դոլարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է աճուրդային տան մամուլի հաղորդագրությունում։

The Beatles-ի անդամի կիթառն աճուրդային արժեքով դարձել է հինգերորդն աշխարհում։

«Երբ հնչեց աճուրդավարի մուրճի հարվածի ձայնը, դահլիճը քարացած սպասման մեջ էր, և վերջնական գինը՝ 2,8 միլիոն դոլար, Framus Hootenanny-ի (խմբ․՝ կիթառի ապրանքանիշ) համար ամրագրեց հինգերորդ տեղը երբևէ վաճառված ամենաթանկ կիթառների ցանկում», - ասվում է փաստաթղթում։

Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը Help! (ալբոմի երաժշտությունն օգտագործվել է համանուն կինոնկարում) և Rubber Soul ալբոմների վրա աշխատելիս օգտագործել են 12-լարանոց կիթառ։ Այս կիթառը կարելի է լսել այնպիսի երգերում, ինչպիսիք են It's Only Love, I've Just Seen a Face, Help!, Girl, Norwegian Wood (This Bird Has Flown) և You've Got to Hide Your Love Away: Վերջինը Լենոնը կատարել է «Օգնի՛ր» ֆիլմում՝ նվագելով հենց այս կիթառը։

1965 թվականին երաժիշտը գործիքը նվիրել էր իր գործընկեր Գորդոն Ուոլերին, որն իր հերթին այն տվել էր մենեջերին, որն այն պահել էր իր տան ձեղնահարկում մոտ 50 տարի։ Աճուրդային տունն աշխատել է Beatles-ի փորձագետ Էնդի Բաբյուկի հետ։ Կիթառի իսկությունը պարզել են բազմաթիվ լուսանկարների և կինոժապավենի կադրերի միջոցով, որոնք հնարավորություն են ընձեռել բացահայտել բնորոշ մանրամասների համընկնումը:

Այսպիսով, գործիքը թարմացրել է ռեկորդը՝ որպես երբևէ The Beatles-ի անդամներին պատկանող ամենաթանկ կիթառ. նախկինում այս կարգավիճակը պատկանում էր Լենոնի Gibson J160E էլեկտրաակուստիկ կիթառին:

Ջոն Լենոնը բրիտանացի երաժիշտ է, բանաստեղծ և կոմպոզիտոր։ The Beatles խմբի (1960-1970 թթ.) հիմնադիրներից մեկը, վոկալիստ և կիթառահար: Նա թողարկել է Imagine, Mind Games, Walls and Bridges և այլ սոլո ալբոմներ։ «Գրեմմի»-ի յոթ մրցանակների (1965-1982 թթ., մեկը՝ հետմահու) և կյանքի նվաճումների համար «Գրեմմի»-ի (1991թ., հետմահու) հատուկ մրցանակի դափնեկիր է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում