«Ալմաստ»-ի վերադարձը, Երևանի օպերային թատրոնի հոբելյանը. ռեժիսորը մանրամասներ է ներկայացրել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հունվարի 20-ին տոնեց հիմնադրման 90-ամյակը՝ երկարատև դադարից հետո բեմ բարձրացնելով Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, որն ընդունվեց բուռն ծափողջույններով: Հենց «Ալմաստ»-ի երևանյան պրեմիերայով 1930 թվականին երաժշտասերների առաջ իր դռներն է բացել ՀԽՍՀ պետական օպերային թատրոնը, որն ավելի ուշ կոչվել է մեծ կոմպոզիտորի անունով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Ալիս Հեքիմբաշյանը պատմել է օպերայի յուրահատկության, ուղերձի ու արդիականության մասին՝ հիշեցնելով, որ երաժշտագետներն այն օպերային արվեստի լավագույն նմուշներից են համարում:

Հեքիմբաշյանի խոսքով՝ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից է, ստեղծագործող, որը, յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնել է ազգային երաժշտության շրջանակները։ «Նա հրաշալի է ներկայացրել հայկական երաժշտությունը, մելիզմները, որոնք օգտագործել է «Ալմաստ» օպերայում, իսկ սիմֆոնիկ երաժշտությունը տեղ է գտել օպերայի նվագակցության մեջ: Հարուստ երաժշտություն է, հարմոնիկ, բարդ ու գեղեցիկ: Օպերան գնահատվում է առաջին հերթին բովանդակության, հետո՝ երաժշտական մեկնաբանության համար: «Ալմաստ»-ը եզակի ստեղծագործություն է, որն իր թարմությունը չի կորցնում մինչ օրս: Այն շատ թումանյանական ու շատ սպենդիարյանական է»,-նշում է ռեժիսորը:

«Ալմաստ» օպերան հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարն արտացոլող երաժշտական դրամա է, որի հիմքում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմն է: Ռուսերեն լիբրետոն գրել է Սոֆյա Պառնոկը, լիբրետոյի հայերեն թարգմանությունը կատարել է Տիգրան Հախումյանը 1930-ական թվականների սկզբին:

«Սպենդիարյանը, ինչպես և Թումանյանը, բարձրաձայնել է դավաճանության խնդիրը: Պատմականորեն մեր ազգն ունեցել է բազմաթիվ հերոսներ, որոնք պատվով պայքարել են թշնամիների դեմ, սակայն եղել են նաև դավաճաններ, որոնք մեր պետության դեմ են գործել: Թումանյանն ընդգծել է կնոջ դավաճանությունը: Նա փայլուն նկարագրել է դավաճանության հետևանքները: Մենք հաճախ ընկել ենք, հետո փյունիկի նման բարձրացել ենք կրակներից»,-ասում է Հեքիմբաշյանը, որը բնական է համարում այն, որ մարդիկ հակակրանք են զգում Ալմաստի կերպարի հանդեպ, և նշում, որ երբեմն Ալմաստի դերը կերտելիս երգչուհիները տատանվում են:

Օպերայի գլխավոր կերպարներից մեկը՝ Նադիր շահը, դաժան բռնակալ է եղել: Երբ արշավել է Հայաստանի վրա, միշտ հանդիպել է դիմադրության և մեծ կորուստներ կրել՝ չկարողանալավ զավթել Թմուկ բերդը: Դիմելով իր պալատի գուշակին՝ փորձել է հասկանալ, թե ինչպես է հնարավոր գրավել բերդն ու ծնկի բերել հայերին: Գուշակն էլ պատասխանել է, որ այդ հարցում կարող են օգնել կինն ու գինին:

Ալմաստը նվիրված հայ կին է եղել, որը հիացել է ամուսնու հաղթանակներով, սակայն նաև փառամոլ է եղել: «Նա ամուսնուն՝ Թաթուլ իշխանին, հորդորել է տիրել նաև պարսից գահին: Վերջինիս հրաժարվելուց հետո Ալմաստը, լսելով Նադիր շահի փառքի մասին, որոշել է դավաճանել ամուսնուն՝ բացելով բերդի դարպասները զինվորներին հարբեցնելուց հետո:

Հեքիմբաշյանի խոսքով՝ այն ռեժիսորները, որոնք բեմադրել են օպերան, հաշվի են նստել Սպենդիարյանի մեծության ու նրա ստեղծած երաժշտական նյութի հետ, ընդգծել են դաստիարակչական բնույթը:

«Ալմաստ»-ը Երևանի օպերային թատրոնում մի քանի անգամ է բեմադրվել: Հունվարի 20-ին հանդիսատեսին ներկայացվեց 2009-ի բեմադրությունը, որի հեղինակը ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանն է: Հենց նա է բեմադրությունը վստահել Ալիս Հեքիմբաշյանին, որպեսզի վերջինս շարունակի աշխատել բեմադրության վրա և այն փոխանցել սերունդներին:

Հեքիմբաշյանի համոզմամբ՝ կարելի է ներկայացումն արդիականացնել դեկորացիաների միջոցով, սակայն կոմպոզիտորի և պոեմի հեղինակի ստեղծած բովանդակությունը պետք է չխաթարել, ինչն իրենք փորձում են անել:

«Առաջին անգամ «Ալմաստ»-ը Երևանում կատարել են ռուս արտիստներն ու այն երգել են ռուսերեն՝ հրաշալի վոկալով, բայց ռուս արտիստները չէին կարող զգալ այն, ինչն զգում է հայն ազգային երաժշտություն կատարելիս»,-նշում է ռեժիսորն ու շեշտում, որ այն արտիստները, որոնք հանդես են եկել հունվարի 20-ին, շատ շնորհալի են ու փայլել են բեմում:

ՀՀ վաստակավոր արտիստ Ալիս Հեքիմբաշյանը 1974 թվականից եղել է օպերային թատրոնիմեներգչուհի, 1997 թվականից՝ ռեժիսոր։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997 թվականից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Նրա երգացանկում ընդգրկված են Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Վահրամ Բաբայանի և այլոց գործերը: Հեքիմբաշյանն Ալմաստի դերը երբեք չի կերտել, քանի որ իր ձայնը լիրիկո-կոլորատուրային է: Երգել է Անուշ, Օլիմպիա, Ջիլդա, Վիոլետա, սակայն Ալմաստի դերերգը պետք է մեցցո-սոպրանո կատարի, ուստի ինքը երբեք չի մտածել այդ դերեգի մասին: Խոստովանում է՝ երազել է Կարմեն երգել:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն Русский

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան