5 զոհ, 5 վիրավոր. Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Դրա հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է:

«Շատ ծանր դեպք է։ Ցավակցում ենք ընտանիքներին։ Հինգ հոգի զոհվել է։ Ցավոք, նրանցից մեկը մեր աշխատակիցն է: Հինգ հոգի վրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է: Նրան վիրահատում են, և բժիշկներն առայժմ չեն կարող ասել, թե որքան ծանր է նրա վիճակը: Վնասվել է զարկերակը, և հնարավոր չէ ասել՝ նա ողջ կմնա, թե ոչ։ Տա Աստված, որ ողջ մնա», - ասել է Գոմելաուրին։

Նախարարի խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է տեղի ունեցել այս հանցագործությունը։

«Մի քաղաքացի տնից կրակ է բացել ավտոմատ հրազենից: Տանը եղել է նրա երեխան՝ չափահաս տղան: Նա սկսել է կրակել պատշգամբի մի կողմից, հետո՝ մյուս կողմից», - պատմել է Գոմելաուրին։

Դրանից հետո, ըստ նախարարի, զինված անձի երեխան դուրս է եկել բնակարանից։

«Այնուհետև ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Նա մյուս կողմից է կրակ բացել և վիրավորել մեր սպային, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին», - ասել է Վրաստանի ՆԳ նախարարը։

Երբ դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, որը կասկածյալին կոչ է արել հանձնվել և բացել դուռը, հնչել է կրակոց։

«Երբ նրանք (խմբ.՝ հատուկ ջոկատի սպաները) ներս են մտել, նա պառկած էր մահճակալին, իսկ զենքը կողքին էր... Կային նաև մի քանի նռնակների պահանակի օղակներ: Հնարավոր էր ականապատում, սակրավորներ են կանչվել։ Այժմ նրանք ավարտել են (խմբ.՝ աշխատանքը)», - ասել է Գոմելաուրին։

Կասկածյալի տղան չի կարողացել նշել միջադեպի պատճառը։

«Նա ոչինչ չի կարող ասել: Նա ասաց, որ երբ դուրս է եկել, դիակներ են եղել, և նա փախել է», - հավելել է Գոմելաուրին։

Այս հանցագործության մեջ կասկածյալը Վրաստանի պաշտպանության ուժերում ծառայել է մինչև 2021 թ.-ը։

«Մեզ անմիջապես հաստատեցին, որ (խմբ.՝ կասկածյալը) աշխատում էր 2006 թ.-ից, իսկ 2021 թ.-ին հեռացել էր: Մեզ նաև հաստատեցին, որ նա առաքելությամբ եղել էր Աֆղանստանում», - ասել է Գոմելաուրին։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում և ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի ձեռքբերում, պահում և կրում։

Հայերեն English Русский

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր