Պաշտոնական

Հայ եւ մեքսիկացի պատգամավորները կարեւորել են մշակույթի, կրթության եւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը

3 րոպեի ընթերցում

Հայ եւ մեքսիկացի պատգամավորները կարեւորել են մշակույթի, կրթության եւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հունվարի 17-ին հանդիպել են Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Բերենիսե Խուարես Նավառետեն նշել է, որ Հայաստան են եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Նա, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է, մասնավորապես, մշակույթի, կրթության, ինչպես նաեւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

«Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` հայ խորհրդարանականները նույնպես արժեւորել են երկու երկրների օրենսդիրների, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության զարգացումը:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի խոսքով՝ Հայաստանի եւ Մեքսիկայի ժողովուրդների միջեւ բարեկամությունը ձեւավորված է շատ վաղուց, ունի խոր արմատներ: Բերենիսե Խուարես Նավառետեն էլ կարծիք է հայտնել, որ երկու երկրների պատմություններում էլ կան ցավոտ էջեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մասին, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Հայ խորհրդարանականները ստեղծված իրավիճակում կարեւորել են միջազգային հանրության արձագանքը:

Նշվում է, որ, անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը նշել է. «Մենք չենք կարող խոսել երկարաժամկետ խաղաղության մասին, քանի դեռ չի լուծվել ԼՂ հակամարտությունը եւ չի ընդունվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Պատգամավորի խոսքով՝ օրակարգային է միջազգային հանրության անդրադարձն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին` հիմքում ունենալով «Ճանաչում հանուն փրկության» բանաձեւը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում