ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան երկրում տեղի ունեցած խռովություններից հետո վերադարձել է նախագահական նստավայր՝ Պլանալտո պալատ, որը նախօրեին հարձակման էր ենթարկվել հազարավոր ցուցարարների կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները հունվարի 8-ին հարձակվել էին Խորհրդարանի շենքի, Դաշնային գերագույն դատարանի և նախագահի նստավայրի վրա՝ փորձելով տապալել Բրազիլիայի նոր կառավարությունը: Զանգվածային հարձակումը անմիջապես համեմատել են 2021 թ.-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների գրոհի հետ:
Հարձակման պահին Լուլա դա Սիլվան, ով մեկ շաբաթ առաջ է ստանձնել նախագահի պաշտոնը, գործուղման մեջ էր գտնվում Սան Պաուլոյում:
Բրազիլիայի նախագահը խոստացել է պատժել բոլոր մեղավորներին և խռովությունները ֆինանսավորողներին:
«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն անձանց, ովքեր ֆինանսավորել են այս ամենը, ովքեր վճարել են այս բոլոր մարդկանց ուղևորության, բնակության և սննդի համար: Նրանք կվճարեն», - լրագրողների հետ զրույցում ասել է Լուլա դա Սիլվան:
Բրազիլիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել մինչև հունվարի 31-ը: Նա ռազմական ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ՝ նշելով, որ իրավապահների այդ անգործությունը չպետք է անպատիժ մնա:
Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան իշխանություններին հաջողվել է դարձյալ վերահսկողություն հաստատել պետական շենքերի նկատմամբ: Նահանգային իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաք Բրազիլիայում անկարգություններին մասնակցելու համար ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել:
Իր հերթին Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կիրակի օրն ի պաշտպանություն իրեն ակցիա իրականացնողները, ովքեր հարձակվել են կառավարական շենքերի վրա, խախտել են օրենքը:
«Օրինական խաղաղ ցույցերը ժողովրդավարության մի մասն են, սակայն այսօր տեղի ունեցած կողոպուտներն ու հասարակական շենքեր ներխուժումները ... խախտում են սահմանված կարգը», - գրել է նա Twitter-ի իր էջում։
Բոլսոնարուն նաև չհիմնավորված է անվանել Բրազիլիայի նոր վարչակազմի մեղադրանքները, որոնք տեղի ունեցածը կապել են իր հետ։
Տուժածների և զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել: Ըստ նախնական գնահատականի՝ անկարգությունների մասնակցել է շուրջ 5000 մարդ:
Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել հունվարի 1-ին: Միջոցառմանը մասնակցել էին հարյուր հազարավոր բրազիլացիներ: Սակայն նախկին նախագահ Բոլսոնարուի կողմնակիցները հրաժարվել են ընդունել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և վերջին շաբաթներին ռազմական հեղաշրջման կոչեր էին հնչեցնում:
Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ դատապարտել են տեղի ունեցածը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրազիլիայում իշխանության երեք թևերի վրա հարձակումներն անվանել է «վրդովեցուցիչ»: Տեղի ունեցածը դատապարտել և Բրազիլիայի օրինական իշխանություններին իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայի, Բոլիվիայի, Պերուի, Վենեսուելայի, Չիլիի նախագահները, Կանադայի և Հնդկաստանի վարչապետերը, ԱՄՆ-ի պետքարտուղարը, Իտալիայի և Մեքսիկայի արտգործնախարարները, ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և այլոք: