Միջազգային

Մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» որդու ձերբակալությունը լուրջ բախումների և անկարգությունների առիթ է դարձել. կան զոհեր

3 րոպեի ընթերցում

Մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» որդու ձերբակալությունը լուրջ բախումների և անկարգությունների առիթ է դարձել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» որդու ձերբակալությունից հետո Սինալոա նահանգում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով անվտանգության ուժերի 3 աշխատակից է զոհվել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։

«Մուկ» մականունով Օվիդիո Գուսման-Լոպեսը ձերբակալվել է Կուլիական քաղաքում և տեղափոխվել Մեխիկո։

Ավազակախմբի վրդովված անդամները ճանապարհներ են արգելափակել, վառել մեքենաներ և հարձակվել տեղի օդանավակայանի վրա։ Նրանք կրակ են բացել երկու ինքնաթիռի վրա, որոնցից մեկը պատրաստվում էր թռիչքի։ Սինալոաի օդանավակայաններում ավելի քան 100 թռիչք է չեղարկվել։

Նահանգի ղեկավարը հայտնել է 18 մարդու հոսպիտալացման մասին։

Մեքսիկայի դաշնային զինված ուժերը Կուլիականում գործողություն էին իրականացնում հունվարի 5-ի լուսաբացից։ Քաղաքի տարբեր հատվածներում ճանապարհներ են արգելափակվել։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորել են տնից դուրս չգալ։ Անվտանգության ուժերի և ավազակախմբի անդամների միջև փոխհրաձգությունները շարունակվել են մի քանի ժամ, թալանվել են խանութներ։

Այսօր Սինալոա նահանգում բոլոր դպրոցները փակ են։

Մեքսիկայի պաշտպանության նախարար Լուիս Կրեսոնսիոյի խոսքով՝ Օվիդիո Գուսման-Լոպեսը մեղադրվում է իր հոր նախկին թմրակարտելը ղեկավարելու մեջ, որը համարվում է թմրաշրջանառությամբ զբաղվող աշխարհում ամենախոշոր կազմակերպություններից մեկը։ Նրա հայրը՝ «Էլ Չապո» Գուսմանը, ԱՄՆ-ում դատապարտված է ցմահ ազատազրկման. 2019 թ.-ին նա մեղավոր է ճանաչվել թմրանյութերի մաքսանենգության և փողերի լվացման համար։

Մեքսիկայի պաշտպանության նախարարը հավելել է, որ վեց ամիս տևող հսկողությունից հետո պարզվել է, որ Գուսման-Լոպեսը աջակցություն էր ստանում ԱՄՆ պաշտոնյաներից։

Մեքսիկայի անվտանգության ուժերը Գուսման-Լոպեսին ձերբակալել էին նաև 2019 թ.-ին, սակայն ազատ էին արձակել՝ աջակիցների կողմից բռնության սպառնալիքի պատճառով։ Գուսման-Լոպեսը և նրա եղբայր Ժոակինը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, Սինալոա նահանգում ունեն մետամֆետամինի 11 լաբորատորիա, որտեղ արտադրում են ամսական 1300-2200 կգ թմրանյութ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում