Միջազգային

Քվեարկության 3-րդ օր, 11 փուլ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեռևս խոսնակ չունի

2 րոպեի ընթերցում

Քվեարկության 3-րդ օր, 11 փուլ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեռևս խոսնակ չունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին դարձյալ չի հաջողվել ընտրվել խոսնակի պաշտոնում։ Երեք օրվա ընթացքում քվեարկության 11 փորձերից հետո Ներկայացուցիչների պալատն առայժմ մնում է առանց խոսնակի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։

Ներկայացուցիչների պալատը նորից կփորձի խոսնակ ընտրել այսօր՝ ավելի ուշ։

Նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Հանրապետականները չնչին տարբերությամբ մեծամասնություն կազմեցին Ներկայացուցիչների պալատում, սակայն կուսակցության 20 անդամ հրաժարվում է իր ձայնը տալ Մաքքարթիին։ Խոսնակ ընտրվելու համար նրան հարկավոր է առնվազն 218 ձայն։ Այժմ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ունեն 222 աթոռ, դեմոկրատները՝ 212։ Իսկ Սենատի վերահսկողությունը, միջանկյալ ընտրությունների արդյունքներով, շարունակեց մնալ դեմոկրատներին։

BBC-ն հիշեցնում է, որ Կոնգրեսի ստորին պալատում նման փակուղային իրավիճակ էր ստեղծվել 1860 թ.-ին, երբ վիճաբանություններ էին ընթանում ստրկության հարցի շուրջ։ Այդ ժամանակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրելու համար պահանջվել էր քվեարկության 44 փուլ։

Քանի դեռ խոսնակ չի ընտրվել, Կոնգրեսի ստորին պալատը չի կարող աշխատանքի անցնել՝ Ներկայացուցիչների պալատի նոր անդամների երդնմակալություն անցկացնել, ստեղծել հանձնաժողովներ, անցնել լիարժեք օրինաստեղծ գործունեության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում