Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկության երեք փուլով չեն կարողացել խոսնակ ընտրել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկության երեք փուլով չեն կարողացել խոսնակ ընտրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկության երեք փուլով չեն կարողացել խոսնակ ընտրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։

Ներկայացուցիչների պալատում Հանրապետական ​կուսակցության ​առաջնորդ Քևին Մաքքարթին քվեարկության երկու փուլերի ընթացքում ստացել է 203 ձայն՝ զիջելով դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Հաքիմ Ջեֆրիսին, ով ստացել է 212 ձայն։

435 անդամից բաղկացած Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու համար Մաքքարթիին անհրաժեշտ Էր ստանալ առնվազն 218 ձայն: Քվեարկության երրորդ փուլում Մաքքարթին կորցրեց իր կուսակիցներից 20-ի ձայները՝ ստանալով 202 ձայն: Ընտրությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև թեկնածուներից որևէ մեկը չհավաքի բավարար թվով ձայներ։

Վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ չի հաջողվել մեկ փուլով Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրել: Վերջին անգամ խոսնակի ընտրությունն անցկացվել է մի քանի փուլով 1923 թվականին:

Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական ​​Քևին Մաքքարթին նոյեմբերին կուսակցության ժողովի ընթացքում ստացել էր օրենսդիրների մեծամասնության աջակցությունը խոսնակի պաշտոնում առաջադրվելու համար:

57-ամյա քաղաքական գործիչը երկրորդ անգամ է հավակնում Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնին։ ԱՄՆ-ում տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, ձայների չնչին տարբերությամբ, անցել է հանրապետականներին. նրանք Կոնգրեսի Ստորին պալատում ունեն 222 աթոռ, իսկ դեմոկրատները՝ 213:

Սենատում դեմոկրատները պահպանել են մեծամասնությունը: Ի դեպ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավելի վաղ հայտարարել էր, որ կլքի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում