Միջազգային

Կիևին զենքի մատակարարումները «խաղաղության ամենակարճ ճանապարհն են». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 

2 րոպեի ընթերցում

Կիևին զենքի մատակարարումները «խաղաղության ամենակարճ ճանապարհն են». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքի երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումներն արագ զինադադարի կհանգեցնեն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Europa Press լրատվամիջոցից:

«Կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է», - ասել է Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում:

Ստոլտենբերգի խոսքով՝ որպես անկախ ժողովրդավարական երկիր Ուկրաինայի գերակայության և բանակցություների միջոցով խաղաղ լուծման հասնելու համար հարկավոր է զենք մատակարարել Կիևին, քանի որ «դա միակ միջոցն է՝ ցույց տալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նա չի կարող հասնել Ուկրաինայի հանդեպ վերահսկողություն հաստատելու իր նպատակներին»։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ պատերազմներն անկանխատեսելի են, սակայն հարկավոր է պատրաստվել երկարատև պատերազմի և Ռուսաստանի կողմից նոր հարձակումների:

«Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա նաև նշել է, որ պատերազմի ավարտը չի նշանակում, որ ամեն ինչ կվերադառնա նորմալ հուն:

«Թե ինչ տեսակի հարաբերություններ կլինեն Ռուսաստանի հետ ապագայում, կախված կլինի Ռուսաստանի վարքից», - ասել է Ստոլտենբերգը:

Միևնույն ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների վրա հարձակումներին՝ Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանվելու իրավունք ունի, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր Սարատովի մարզի ,Էնգելսե ռազմական օդանավակայանին: ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր միջադեպի հետևանքով 3 զոհի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում