Միջազգային

ՌԴ-ի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ արտաքին ճնշման պայմաններում

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ արտաքին ճնշման պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկը և Մոսկվան փոխգործակցության զարգացման անհրաժեշտություն են տեսնում աննախադեպ արտաքին ճնշման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Ալեյնիկի և Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ օրակարգի կոնկրետ արդիական հարցեր։

«Նախարարները մանրամասն քննարկել են Արևմուտքի անօրինական պատժամիջոցների ճնշմանը հակազդելու, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցելու թեման։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը։ Նախարարները պայմանավորվել են արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստի անցկացման ժամկետի շուրջ։ Այն նախատեսված է 2023 թվականի հունվարի երկրորդ կեսին», - ասվում է հաղորդագրությունում:

Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝ 2022 թվականը նշանավորվել է Բելառուսի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձով: ,Այդ առնչությամբ ընդգծվել է ռուս-բելառուսական փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն աննախադեպ արտաքին ճնշման պայմաններում՝ ելնելով երկու երկրների քաղաքացիների բարեկեցության շահերից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երկու նախարարների հանդիպումը նախորդել է Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում