Միջազգային

Լիբանանի խորհրդարանը 10-րդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի խորհրդարանը 10-րդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի պատգամավորներին վերստին չի հաջողվել նախագահ ընտրել արդեն տասներորդ անգամ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: Լիբանանի սահմանադրության համաձայն՝ թեկնածուն 128-տեղանոց խորհրդարանում պետք է ստանա ձայների առնվազն երկու երրորդը, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում՝ 50 տոկոս գումարած մեկ ձայն։ Այսօր կայացած նիստում 50-ամյա անկախ խորհրդարանական Միշել Մուավադը քվեարկության արդյունքներով ստացել է 38 ձայն։ Եվս 37 պատգամավորներ հանձնել են դատարկ քվեաթերթիկներ, 19 քվեաթերթիկ անվավեր Է ճանաչվել: Մնացած պատգամավորները քվեարկել են այլ թեկնածուների օգտին. նիստին մասնակցել է ընդամենը 109 պատգամավոր։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին այս անգամ չի նշել հաջորդ նիստի ամսաթիվը:

Խորհրդարանի պատգամավորները սեպտեմբերի վերջից փորձում են ընտրել նոր նախագահ, առայժմ ոչ մի թեկնածու չի ստացել պահանջվող ձայների երկու երրորդը: Լիբանանը նմանատիպ իրավիճակում արդեն հայտնվել է 2014 թվականի մայիսից մինչև 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, երբ երկիրը չուներ նախագահ: Նախագահ հաջողվեց ընտրել միայն խորհրդարանի ավելի քան 45 նիստից հետո: Երեք տարուց ավելի է՝ Լիբանանը գտնվում է ֆինանսական և տնտեսական խորը ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ։

Ճգնաժամի ֆոնին բանկային համակարգը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել, ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 20 անգամ։ Այս ամենի հետևանքով բնակչության ավելի քան 70%-ը հայտնվել Է աղքատության շեմից ցածր մակարդակի վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում