Դոնֆրիդը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը չի օգտագործվում Հայաստանի դեմ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը Բաքվի հետ շփումների ընթացքում միշտ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, իսկ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելիս հաշվի է առնում տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը:

Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին՝ հարցնելով՝ արդյոք Վաշինգտոնը բարձրացնում է տվյալ թեման բանակցությունների ընթացքում:

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, ով լսումների ժամանակ հանդես էր գալիս որպես վկա, շեշտել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է մարդու իրավունքների խախտումները:

«Կարող եմ հավաստիացնել, որ (խմբ. կողմերի հետ) զրույցի կարևորագույն թեմաներից մեկը մարդու իրավունքներն են: Անցյալ շաբաթ ես խոսել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ իմ զրույցի մի հատվածում հատուկ շեշտադրել եմ մարդու իրավունքների հարցը», - ասել է Դոնֆրիդը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատող պաշտոնյայի հանդեպ՝ մարդու իրավունքների խախտումների համար:

Ջիմ Կոստան անընդունելի է համարել այն, որ չնայած Ադրբեջանում Մարդու իրավունքների խախտումներին, Վաշինգտոնը շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:

«Ուզում եմ շատ հստակ լինել այս հարցում. «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման մեջ կատարված ուղղումը երկարաձգելու մասին 2022 թ.-ի հունիսի 22-ի որոշումն ընդունվել է տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունների մանրամասն ուսումնասիրությունից հետո», - ասել է Դոնֆրիդը:

Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը ստուգում է և հավաստիանում, որ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը հնարավոր չլինի օգտագործել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, և որ դա չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարատև քաղաքական կարգավորման շուրջ բանակցային գործընթացին:

Նա կրկնել է, որ Ադրբեջանին տրվող օգնությունն օգնում է ապահովել Իրանի հետ ավելի քան 750 կմ-անոց սահմանի անվտանգությունը և ապահովում է էներգիայի աղբյուրների անվտանգությունը, որը շատ կարևոր է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների համար: Ըստ Դոնֆրիդի՝ Ադրբեջանին տրամադրվում է ոչ մահաբեր ռազմական աջակցություն՝ սահմանների անվտանգությունն ապահովելու, մաքսանենգությունը կանխելու նպատակով:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումըև ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

Հայերեն English

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել