Քաղաքականություն

Բրյուսելը չի երկարաձգի ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում. Բորել

3 րոպեի ընթերցում

Բրյուսելը չի երկարաձգի ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում. Բորել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելը չի երկարաձգի Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում։ Նման որոշում է ընդունվել Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բորելի գնահատմամբ՝ հոկտեմբերին Հայաստան ուղարկված առաքելության գործունեությունը եղել է արդյունավետ։

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ պայմանավրովածությունների համաձայն՝ առաքելությունն իր աշխատանքը կավարտի դեկտեմբերի 19-ին», - նշել է Բորելը։

ԵՄ դիվանգիտության ղեկավարը նաև հայտնել է, որ Հայաստան կարող է ուղարկվել խումբ հետագա հնարավոր քաղաքացիական առաքելության գործունեության ծրագրման համար։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի, սակայն Հայաստան ուղարկված այս առաքելության գործունեության ժամկետն ավարտվում է այս ամսվա 19-ին», - եզրափակել է Բորելը։

Հայաստան ԵՄ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու որոշումն արձագանքն էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկով հոկտեմբերի 17-ին արտաքին հարցերով խորհուրդը որոշում էր կայացրել դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ: Առաքելությունը մանդատ ունի հետևել իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար: Դա նաև ԵՄ-ին հնարավորություն կտա ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:

Հայաստանում ԵՄ առաքելությունը երկու հիմնական առաջադրանք ունի․

  1. Աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը՝ հետևելով երկու կողմերի կողմից հրադադարի պահպանմանը:
  2. Տեղերում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության վերաբերյալ պարբերական և հատուկ հաշվետվությունների միջոցով ԵՄ առաքելությունը կհետևի իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում: Դա հնարավորություն կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու երկրների սահմանային հանձնաժողովներին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում