Քաղաքականություն

Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվում է ավագանու լիազորություններից

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվում է ավագանու լիազորություններից

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, վաղաժամկետ դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու անդամի իր լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արման Բաղդասարյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը:

«Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստում քաղաքական պատասխանատվության սկզբունքի վերահաստատումից:

Ի՞նչ է ասած քաղաքական պատասխանատվություն, ես ինքս այդ սկզբունքը ակտիվ առաջ եմ տարել, որը ավագանու մակարդակում իրենից ենթադրում էր՝ համաձայն չես թիմի որոշման հետ, անում ես չհամաձայնեցված քաղաքական հայտարարություններ, հանրային վատ վարք ես դրսևորում, կատարել ես որևէ հակաօրինական գործողություն, ապա թվարկվածներից որևէ մեկի առկայության դեպքում բարի եղիր դնել մանդատը:

Իմ պարագայում, հավանաբար, դա կամ ժամանակին կուսակցությունից դուրս գալն է եղել կամ քաղաքային իշխանության սուր քննադատումը (բացատրություն չեմ ստացել):

Անկախ այն հանգամանքից, որ այս պահին ես կուսակցական չեմ (2022թ ապրիլից), այս սկզբունքները ամրագրվել են շատ ավելի շուտ (2021թ. հոկտեմբեր ամսին), ու ես երբեք իմ խոսքից ու սկզբունքներից հետ չեմ կանգնում»,- նշում է Արման Բաղդասարյանը՝ խոստանալով առաջիկայում անդրադառնալ իր ձերբակալմանը:

Նոյեմբերի 24-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանին բերման էին ենթարկել ոստիկանության Կումայրու բաժին՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով։ Հիմքը եղել է օպերլիազոր Ն.Սիմոնյանի զեկուցագիրը, անմիջականորեն ծագած կասկածը։ Սակայն անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, եւ Արման Բաղդասարյանը ազատ է արձակվել:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում