Մշակույթ

Համաշխարհային պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են թատրոնից, բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։

Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, բեմադրող բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:

Ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը... Բնությունը ձգում է նրան: Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ՝ ասկետիկ կյանք, թե՞ լիարժեք կյանքով ապրելու անհագ ցանկություն... Միաբանությունն ուզում է նրան հետ պահել մեղավոր քայլից. «...այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե...»: Իսկ բնությունը կանչում է... Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով և որոշում է քանդել նորաստեղծ եկեղեցին ու շինել նորը... Միտք, թե՞ սիրտ, լույս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդը հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծո ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է...

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում