Հասարակական

Խաչարձան՝ «արգենտինական» մի գյուղ Հայաստանում

3 րոպեի ընթերցում

Խաչարձան՝ «արգենտինական» մի գյուղ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տոնական մեծ միջոցառում կանցկացնի Տավուշի մարզի սահմանամերձ Խաչարձան գյուղում՝ Հայաստանի լեռներում։ Տոնակատարությունը նպատակ ունի նշանավորելու «Հայաստանի և Արգենտինայի բարեկամության 30-ամյակը», ուստի այս խորհրդանշական վայրի ընտրությունը պատահական չէ։ Ինչու՞, ե՞րբ, ո՞րտեղ: Ահա´ պատասխանները...

Տարիներ առաջ հայկական ծագումով արգենտինացի չորս ընտանիքներ արգենտինացի բժիշկ Դանիել Ստամբուլյանի (ով մեկնել էր այնտեղ՝ գյուղի կանանց համար առաջին ՊԱՊ թեստերը կատարելու) նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացրեցին համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք ընդմիշտ փոխեցին տեղի բնակիչների կյանքի որակը՝ սկսած հոսող ջրի և արևային մարտկոցների տրամադրումից մինչև բժշկական կենտրոնի, մանկապարտեզի, առաջին կարգի սպորտային կենտրոնի կառուցում, դպրոցի վերանորոգում և բարեկարգում, փողոցների սալահատակի նորոգում և զանազան այլ աշխատանքներ։

Գյուղի՝ դեպի կենտրոն տանող գլխավոր փողոցից, որն, ի դեպ, կրում է Արգենտինայի Հանրապետության անունը, Հայաստանի դրոշի, հիշատակի ցուցանակների և հուշատախտակների հետ միասին հնարավոր է տեսնել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով հպարտ քայլող երեխաների: Տարիների ընթացքում օգնության և համագործակցության ծրագրի շրջանակն այնքան ընդարձակ է եղել, որ Հայաստանի լեռնային այս հեռավոր գյուղի բնակչությանը հաջողվել է ստանալ տարատեսակ օգնություն՝ սկսած ծննդօգնությունից մինչև իրենց համալսարանական կրթությանն աջակցելու ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից, այս տարվա հոկտեմբերի 28-ին դեսպանությունը տեղական իշխանությունների, դիվանագիտական կորպուսի և Հայաստանում Արգենտինայի քաղաքացիների ուղեկցությամբ կայցելի Խաչարձան գյուղ՝ նշելու արգենտինացիների և հայերի բարեկամության 30-ամյակը։ Այս բազմաբովանդակ միջոցառումը ներառում է հուշատախտակի բացում, կրեոլական կիթառի համերգ հայ երիտասարդ նվագախմբի կողմից, արգենտինացի լուսանկարչուհի Արազ Հաջյանի լուսանկարների ցուցահանդես, տեղի դպրոցի սաների կողմից առաջարկված ակնարկային ներկայացում և, ամենակարևորը, տեղի բնակիչների վկայություններն այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում արգենտինահայերի բարեգործությունը բարելավել իրենց կյանքը: Այս ամենը համեմված է լինելու էմպանադաներով, արգենտինական գինիներով և շրջանին բնորոշ ուտեստներով, ինչպիսիք են հարիսան և փախլավան՝ որպես ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացումներով միմյանց շատ մոտ երկու հասարակությունների, երկու մշակույթների միաձուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում