Քաղաքականություն

Պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում․ Բաքոյան

2 րոպեի ընթերցում

Պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում․ Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցագործությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցին։

«2014 թվականի օգոստոսի 3-ի ողբերգությունից անցել է 10 տարի։

21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ․ շուրջ 2600 կանայք և աղջիկներ դեռևս գտնվում են իսլամիստների ձեռքում, իսկ 100 հազարավոր եզդիներ՝ ճամբարներում։ 

Այս տարին խորհրդանշական էր իմ, վստահ եմ՝ նաև ազգակիցներիս համար, քանի որ Ազգային ժողովն ընդունեց իմ կողմից հեղինակված նախագիծը՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և ամրագրեց օգոստոսի 3-ը՝ որպես 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Սա պատմական իրադարձություն էր և՛ եզդիների, և՛ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ, չնայած տասնյակ պետություններ են դատապարտել եզդիների ցեղասպանությունը, բայց մենք ամրագրեցինք այն որպես Հիշատակի օր։ 

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու համար պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում՝ դիվանագիտական ռազմավարություններում, աշխարհաքաղաքականությունում և մարդկանց ընկալումներում:

Հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի վառ հիշատակին՝ հուսով եմ, որ մարդկությունն այլևս նման հրեշավոր ոճրագործությունների զոհ չի դառնա»,- գրել է Բաքոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում