Քաղաքականություն

Անպատժելիություն, որը բերում է ցեղասպանությունների կրկնության. եզդի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է արդեն 10 տարի

6 րոպեի ընթերցում

Անպատժելիություն, որը բերում է ցեղասպանությունների կրկնության. եզդի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է արդեն 10 տարի

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անպատժելիություն, որը բերում է ցեղասպանությունների շարունակականության. օգոստոսի 3-ը Իրաքում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների ցեղասպանության միջազգայնորեն ընդունված օրն է: 2014 թվականից սկսած՝ եզդի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է արդեն 10 տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզդիների ցեղասպանության  10-րդ տարելիցի կապակցությամբ  «Սինջար» եզդիների ազգային միավորման կազմակերպած սեմինար քննարկման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2019թ․ դափնեկիր, ազգությամբ եզդի Միրզա Դինային, կարևորելով ցեղասպանությունների հարցը մշտապես բարձրացնելու և տուժած քաղաքացիներին աջակցելու անհրաժեշտություն, նշեց, որ այն, ինչ մինչ օրս արվել է, դեռևս շատ քիչ է եզդի ժողովրդի համար, քանի որ Սինջարի բնակչության 65 տոկոսը դեռևս Քուրդիստանի փախստականների ճամբարում է: 

«Մինչև այժմ բավարար աշխատանք չի տարվել նրանց իրենց տներ վերադարձնելու համար: Իրաքի կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ փախստականների ճամբարը փակելու է, սակայն բնակչության վերադարձի համար բավարար պայմաններ ստեղծված չեն: Մի մասը վերադարձել է, սակայն չենք կարող ասել, որ Սինջարն այժմ ամբողջապես բնակեցված է: Մենք ցանկացել ենք, որ Իրաքի կառավարությունն աշխատանքներ իրականացնի Սինջարի ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ: Իրաքի կառավարությունը նախատեսել էր, որ Սինջար վերադարձող ցանկացած քաղաքացուն կվճարի 2000 դոլար գումար, սակայն այս գործընթացը ևս ձախողվեց»,- նշեց Միրզա Դինային: 

Նա նշեց, որ այսօր եզդի ժողովուրդը վախեցած է, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ իրենց հետ նմանատիպ ցեղասպանություններ էլի չեն կրկնվի: Դինային ցավով նշեց, որ Իրաքում ցեղասպանությունը դատապարտող ոչ մի օրենք չկա:  

«Մենք ցանկանում ենք Սինջարի համար ներպետական խորհուրդ ձևավորել, որպեսզի կարողանանք այն ոտքի կանգնեցնել։ Այս գաղափարը իրագործելու համար պետք է միասնական ջանք գործադրել, եզդիական խորհուրդը պետք է ձևավորվի մեր ձայնը լսելի դարձնելու համար: Այժմ էլ պարբերաբար անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցնում Սինջարի տարբեր շրջաններին: Արդեն 10 տարի է անցել ցեղասպանությունից, և մոտ 12 երկիր արդեն այն որպես ցեղասպանություն ճանաչել է։ Հայաստանն առաջինն էր այդ երկրներից, որը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը»,- ասաց նա:

Դինային ընդգծեց՝  հայերի ու եզդիների եղբայրությունը նոր չէ, որ ձևավորվել է․ այն հարյուրավոր տարիների պատմություն ունի և շարունակվում է:

Ազգությամբ եզդի, հասարակական գործիչ Բորիս Մուրազին նույնպես կարևորելով այս կարևոր թեմայի բարձրաձայնումը՝ նշեց, որ 10 տարի առաջ այս օրը ցեղասպանության ենթարկվեց Իրաքի Սինջարի շրջանի եզդի բնակչությունը: 

«2014 թվականի օգոստոսի երեքից սկսվեց, և, կարելի է ասել, արդեն 10 տարի է՝ շարունակվում է եզդիների ցեղասպանությունը: Այս տարիների ընթացքում սպանվեցին հազարավոր եզդիներ, առևանգվեցին և բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, հարյուր հազարավորները ստիպված եղան լքել հայրենի տները և բռնել գաղթի ճանապարհը:  Հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ ճամբարներում։ Սինջարում կան կոմունիկացիաների հետ կապված լուրջ խնդիրներ, և, եթե մարդիկ վերադառնան էլ, ապրելու պայմանները չեն բավարարի: Շատ շատերը ընդհանրապես հեռացել են եվրոպական երկրներ, ԱՄՆ, որոշ ընտանիքներ էլ հաստատվել են Հայաստանում»,- նշեց Մուրազին: 

Նա ընդգծեց՝ այսօրվա քննարկման կարևոր առանցքներից էր, թե ինչպե՞ս անել, որպեսզի ցեղասպանություններ այլևս չլինեն: Նա ցավով նշեց, որ, իհարկե, ցեղասպանություն տեղի է ունենում հանցագործների կողմից, բայց նաև տեղի է ունենում այն ժողովուրդների նկատմամբ, որոնք դա թույլ են տալիս: 

«Այս պարագայում ցեղասպանության ենթարկված ժողովուրդները պետք է մտածեն, թե ինչպես անեն, որպեսզի իրենց հետ դա չկրկնվի: Եզդիները առնվազն 74 անգամ ենթարկվել են ցեղասպանության՝ այդ հարցի պատասխանը չգտնելով»,-ընդգծեց  նա: 

Մուրազին հույս հայտնեց, որ և՛ այսօրվա քննարկումները, և՛ աշխարհի տարբեր երկրներում քննարկումները օգնելու են եզդիներին գտնել այդ հարցի պատասխանը: Ըստ նրա՝ դա կլինի նաև այն պետությունների հետ համագործակցությամբ, որոնք բարեկամաբար են տրամադրված եզդի ժողովրդի հանդեպ՝ հանձինս Հայաստանի:

Հայաստանի խորհրդարանը 2018 թվականի հունվարին ճանաչել է 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ էր քվեարկել 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: 

2024 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օգոստոսի 3-ը որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում