Հասարակական

Հայաստանում մինչև տարեվերջ բացվելու է «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոն

3 րոպեի ընթերցում

Հայաստանում մինչև տարեվերջ բացվելու է «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի՝տիեզերք արձակված առաջին արբանյակի՝«ArmSat-1»-ի կառավարման կենտրոնը կբացվի մինչև այս տարվա վերջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

«Մեր արբանյակը նախատեսվածի պես թռնում է տիեզերական տարածությունում և պլանավորված թեստային գործողություններ է անցնում։ Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները տեղի են ունենում ժամանակացույցից մի փոքր արագ, թեստավորումը մեր սպասածից ավելի դրական զարգացում ունի։ Ինչ վերաբերում է արբանյակի հետ կապված կառավարման կենտրոնին և մյուս ենթակառուցվածքներին, ապա նույնպես վստահություն եմ հայտնում, որ նախատեսած ժամանակացույցից շուտ այն կունենանք։ Այսինքն՝ մինչև տարվա վերջ»,- պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին՝ ասաց Ավետ Պողոսյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ ֆինանսական միջոցները հատկացված են, որոշումները կան, և մինչև տարվա վերջ Հայաստանում կլինի արբանյակի կառավարման կենտրոն։

«Հատկացումները կան, աշխատանքները հենց հիմա էլ ընթացքի մեջ են։ Տարեվերջից մի փոքր էլ շուտ բոլորս բացմանը ներկա կգտնվենք»,- եզրափակեց Պողոսյանը։

Հայաստանի առաջին արբանյակը «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։ Նշվում է, որ «ArmSat-1»-ի հաղորդած տեղեկությունները հասանելի են լինելու միայն Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SANTLATIS» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։

ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում