Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեում գտնվող 118 հա մակերեսով հողամասում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս, որը կկոչվի «Դեֆանս Հաուզինգ» : «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավագանու նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով:

«Թաղամասում կկառուցվեն և կգործեն մի քանի մանկապարտեզ և դպրոց: Երկրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն 15 բազմահարկ շենքերով: Բիզնես կենտրոնը կկառուցվի ֆրանսիացի ներդրողների մասնակցությամբ և կհիշեցնի «Դեֆանս» թաղամասի գործարար միջավայրը, որտեղ կտեղակայվեն տեղական և միջազգային ընկերությունների գրասենյակներ: Երրորդ փուլով նախատեսվում է կառուցել ևս մեկ բնակելի թաղամաս՝ 30 բնակելի շենքերով, և ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց»,-ասաց նա, հավելելով, որ Փարիզի համալսարանական լավագույն հիվանդանոցներից մեկի հետ կա նախնական պայմանավորվածություն՝ հիվանդանոցը ֆրանսիական բժշկության չափանիշներով կառուցելու, կահավորելու, սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաև բուժանձնակազմի վերապատրաստման և մշտական համագործակցության վերաբերյալ:

Վարդանյանը նշեց, որ շինարարությանը զուգահեռ, Տիչինայի փողոցի հ.322 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված 11 հա կից հողամասում հիմնվելու է փշատերև անտառ՝ Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ:

«Կառուցվելու են լճակներ, ջրային ավազաններ և շատրվաններ, որոնք կզբաղեցնեն շուրջ 5 հա հողատարածք: Թաղամասի ամբողջ տարածքում երթևեկությունը կազմակերպվելու է հեծանիվներով և էլեկտրական սայլակներով: Երևանի ծայրամասում ստեղծվելու է ֆրանսիական միջավայր՝ իր գործարար ակտիվությամբ, մշակութային հաստատությունների բազմազանությամբ, հանգստի և զբոսանքի համար նախատեսված անտառով, բազմաթիվ պուրակներով, ջրային ավազաններով և շատրվաններով»,-հավելեց նա:

Հայերեն Español

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել