Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. Անահիտ Ավանեսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաբաց պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտների, այլև հարազատների հետ: Աշխատակազմը ներառում է 45 հաստիք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հոկտեմբերի 8-ին պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:

Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:

«Մենք նվիրումով և ջանասիրությամբ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի, որ մեր քաղաքացին առերեսվելով ախտորոշման հետ՝ հնարավորություն ունենա արժանապատիվ պայմաններում ստանալ հասանելի, իր կարիքներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն»,- նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանի խոսքով՝ 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատկացված պետական պատվերը շեշտակի` 78%-ով աճել է 2018 թվականի համեմատ, վերջին 2 տարիներին ևս ավելացել են հատկացումները, 55%-ով էլ ավելացել են վճարովի ծառայությունները: Իսկ շահառուների թիվը 2021-ին՝ 2020 թվականի համեմատ, ավելացել է 27%-ով: Կրկնակի բարձրացրել են նաև աշխատավարձային ֆոնդը:

«Հիվանդանոցը վերազինվել է 150 անուն ժամանակակից սարք-սարքավորումներով, լուծվել է ենթակառուցվածքների խնդիրը` կառուցվել են նոր շինություններ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ»,- նշեց նախարարը:

Ավանեսյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարությունը շարունակելու է նպաստել ուռուցքաբանության զարգացման բոլոր նախաձեռնություններին և ապահովել Հայաստանում հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ` ուշադրության կենտրոնում պահելով մարդուն։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց պալիատիվ ծառայության էությունը և կարևորությունը երկրի համար։

Նա շնորհավորելով կենտրոնի տարեդարձն՝ ընդգծեց, որ 75 տարիների ընթացքում կենտրոնն իր կայուն տեղն ու դերն է ունեցել երկրի առողջապահական համակարգում։ Նա նշեց, որ ՀՀ-ում ուռուցք ունեցողների մոտ 70-80 տոկոսն իր բուժումը ստանում է իրենց կենտրոնում։

«Մենք նպատակադրվել ենք առաջիկա 2 տարիների ընթացքում դառնալ զարգացած երկրներում հայտնի ուռուցքաբանական կլինիկաներին հավասար մրցակից։ Իրականում, սրանք զուտ խոսքեր կամ տեսլական չեն. վերջին 3 տարում բուժհիմնարկում կատարվել են մեծածավալ աշխատանքներ թե՛ կենցաղի, թե՛ սարքավորումների և թե՛ նոր մասնագետների ու ծառայությունների ուղղությամբ։

ՈւԱԿ-ն իր խնայած միջոցների հաշվին նաև մեծածավալ ներդրումներ է կատարել. այն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 258-րդն է: Այս ամենի վերջնարդյունքը պետք է լինի այն, որ ոչ մի ուռուցքով հիվանդ Հայաստանից չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով»,- նշեց նա:

Միջոցառումների շրջանակում բացվեց նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։

Հայերեն English Français

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները