2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 539 միլիոն 298 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Համաձայն ներկայացված եւ հաստատված ծրագրի` Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում հիմնանորոգվում են 37 բազմաբնակարան շենքերի շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ, որից Սեւան քաղաքում` 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ:
2022 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ արդեն ծրագիրն իրականացվել է մոտ 70 տոկոսով։
«Բակային տարածքների գերիշխող մասը մի քանի տասնամյակ չեն հիմնանորոգվել, եւ խնդիրը համայնքային առաջնահերթություններից մեկն էր, որը փուլ առ փուլ ստանում է գործնական լուծում: Ծրագրի շրջանակներում իրար են հաջորդում բակային տարածքների հիմնանորոգման շինարարական աշխատանքները, որոնք ներառում են մի քանի բաղադրիչ` գրունտի մշակումից մինչեւ խճային հիմքի կառուցում, բիտումի տարածումից մինչեւ ավազակոպճային շերտի իրականացում, եզրաքարերի վերատեղադրումից մինչեւ դիտահորերի բարձրացում եւ իջեցում:
Բակային տարածքների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ` որպես ծրագրային բաղադրիչ, իրականացվում է նաեւ հեղեղատար կոյուղու վերանորոգում: Հերթական աշխատանքներն ընթանում են Էներգետիկների փողոցի 1, 3 շենքերի հարակից տարածքում, որտեղ նախատեսված է հեղեղատարի խողովակաշարի, անձրեւընդունիչների եւ դիտահորերի կառուցում: Այս աշխատանքների ավարտից հետո տեղադրվում է ասֆալտբետոնյա շերտը։ Շինարարական աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտին»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան