Հասարակական

Գյումրիում անցկացվել են Երևանի օրերը

4 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվել են Երևանի օրերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստների և արվեստների բնօրրան Գյումրիում սեպտեմբերի 2-ին նշվել են Երևանի օրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել էր Ռուսթավելի փողոցից: Վարպետաց քաղաքի վերածված փողոցում ներկայացված էր գյումրվա մշակույթը: Շուրջ 30 տաղավարներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու առաջարկն ուներ:

Գյումրու Աբովյան փողոցի ճեմուղին երևանյան հուշանվերներ արտադրող ընկերություններինն ու անհատ-վարպետներինն էր: Հուշանվերների «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ևս շուրջ 30 տաղավարում ներկայացված էին գորգերի, կարպետների, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներ, տիկնիկագործության, բրուտագործության, խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության տարբեր նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր:

Գյումրու գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետն այցելել է նաև Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարան` ուր օրվա խորհրդին համահունչ երաժշտական ու թատերական բեմադրություն էր: Տոնական միջոցառումների մաս էին կազմում նաև ցուցահանդեսները: Արվեստասեր հասարակության դատին էին հանձնվել Լևոն Աճիկյանի «Գյումրի և Անդին գծանկարների, ինչպես նաև «Գրիգոր Նալբանդ». խորագրերով ցուցահանդեսներն ու պատկերագրքի շնորհանդեսը:

Գյումրու «Անի» մանկական փողային նվագախումբն այսուհետ ելույթ կունենա բոլորովին նոր երաժշտական գործիքներով: Նախաձեռնությունը` Երևանի քաղաքապետարանինն է: Հանդիսավոր արարողության շրջանակում գյումրեցիներին ողջունել են Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները:

Մշակութային օջախի տաղանդաշատ երեխաները տարիներ շարունակ նվագել են հնամաշ` սերնդեսերունդ փոխանցվող գործիքներով: Պատասխանատուները նկատում են՝ նվիրատվությունը դրականորեն կանդրադառնա նվագախմբի ուսումնական գործընթացի վրա:

Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` հյուրընկալության ու այն ջերմ մթնոլորտի համար, որով համակված է Գյումրին:

«Գյումրին մեր նվիրական հայրաքաղաքն է, մեր արհեստների և արվեստների բնօրրանը, առանց չափազանցության, հայկականության խարիսխը, որը սնուցում և ապրելու ուժ է տալիս յուրաքանչյուր հայի: Կրկնակի ուրախ եմ այսօր, որ Գյումրու օրվա և «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում մեր փոքր լուման ներդնելու հնարավորություն է ընձեռված: «Անի» փողային նվագախմբին այսօր Երևան համայնքը նվիրաբերում է երաժշտական գործիքներ, ինչի շնորհիվ գյումրեցի երեխաները, վստահ եմ, է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենան երաժշտության ասպարեզում: Մեր ծրագրերը շարունակական են լինելու, և համատեղ ջանքերով մենք կերտելու ենք մեր երազանքների երկիրը»,- ելույթի խոսքում նշել է Երևանի քաղաքապետը:

Գյումրվա մշակույթը, արվեստը, համն ու հոտը իրենց մեջ յուրահատուկ ձգողական ուժ ունեն: Երևանի օրերի շրջանակում Հայաստանի մշակութային մայրաքաղաքում գտնվող յուրաքանչյուր ոք զգաց ու վայելեց նաև արևային Երևանի ջերմությունն ու շունչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում