Քաղաքականություն

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մեկնարկին ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Եկեք մեկս մյուսին շնորհավորենք այս տոնի առթիվ, որովհետև մեզանից յուրաքանչյուրը՝ հայ ժողովուրդը ամբողջությամբ մեծ ներդրում է ունեցել Արցախի անկախության համար, հավերժ խոնարհում այն բոլոր մարտիկներին, ովքեր մեզ հետ չեն՝ իրենց կյանքը նվիրել են այսօրվա համար, Արցախի անկախության համար»,- ասաց Օհանյանը:

Օհանյանը նշեց, որ օր ու գիշեր քրտնաջան աշխատանքով կարելի է միայն հասնել հաջողությունների:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը ելույթի ընթացքում կարևորեց նաև ազգային և միջազգային անվտանգության երաշխիքների ամրապնդումը:

«Այսօր մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախը միայնակ թողնելու, պարտավոր ենք մեր պայքարի հաղթական ոգով Արցախի ժողովրդի կողքին կանգնել»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով շնորհավորեց Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ` ընդգծելով, որ Արցախի ազատության և անկախության համար հայ ժողովուրդը շատ է պայքարել:

Սաղաթելյանը հայտնեց, որ սեպտեմբերի 3-ի առավոտվանից սկսելու են խորհրդակցություններ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների հետ՝ Հայաստանը բարդ իրավիճակից դուրս բերելու համար:

Հանրահավաքը ամփոփվեց համերգով, որին հաջորդեց «Դիմադրության» շարժման աջակիցների քայլերթը: Միևնույն ժամանակ քայլերթ և հանրահավաք է անցկացվել նաև Ստեփանակերտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում