Հասարակական

Դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն գիտելիքի շնորհիվ. Երևանի թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն ուսումնական տարին սկսում են նոր պայմաններում

3 րոպեի ընթերցում

Դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն գիտելիքի շնորհիվ. Երևանի թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն ուսումնական տարին սկսում են նոր պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի սաները սեպտեմբերի մեկը դիմավորեցին նոր պայմաններում: Դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգված է՝ հագեցած բոլոր անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիտելիքի օրը երեխաներին շնորհավորելու էին եկել ծնողները, կրթության ոլորտի պատասխանատուները:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Վերանորոգված և լաբորատորիաներով հագեցած դպրոցում սովորելը իսկապես մեծ ձեռքբերում է: Համոզված եմ, որ ձեզ համար, սիրելի՛ աշակերտներ, ստեղծված են բոլոր պայմանները: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և, իհարկե, աշակերտներ դուք մի առաքելություն ունեք՝ դուք մեր ապագան կերտողներն եք ու պետք է լինեք ազատ մարդիկ: Ես բոլորիդ խնդրում եմ՝ հատկապես ուսուցիչներին և տնօրեններին, որ թույլ տան մեր երեխաները մեծանան ազատ և ինքնուրույն որոշեն իրենց ապագան՝ ձեր օգնությամբ: Իմացեք, որ միայն ազատ մարդը կարող է ստեղծագործել, ստեղծել արժեքներ, որոնք հարկավոր են լինելու մեր պետությանը: Մենք կարող ենք առաջ գնալ և դժվարությունները հաղթահարել միայն ու միայն գիտելիքի շնորհիվ» ,- դիմելով ներկաներին՝ ասաց ՀՀ նախագահը:

Նոր հիմնանորոգված դպրոցն ունի բոլոր հարմարությունները՝ համապատասխան գույքով հագեցած լաբորատորիաներ ու դասարաններ, նոր վերելակներ, ջեռուցման, ինչպես նաև հովացման համակարգեր:

ՀՀ նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շրջեցին դպրոցում, շփվեցին աշակերտների հետ ծանոթացան դպրոցի պայմաններին ։ Նախարարը տեղեկացրեց, որ մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ հիմնանորոգելու ծրագիրը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի։

«Նշեմ որ 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի եռուն փուլում ենք, և բոլոր կառուցվող, հիմնանորոգվող և նորոգվող դպրոցներում հստակ պահանջ է դրվել.այդ դպրոցներում ամեն ինչ պետք է լինի նոր և պահանջներին համապատասխան, այսինքն՝ դրվագային լուծումները բացառված են: Եվ մենք այսօր այս դպրոցում տեսանք և համոզվեցինք, որ այդ պահանջը կատարվում է, ամեն ինչ շատ լավ վերանորոգված և կահավորված է»,- ասաց Դումանյանը:

Թե ինչ ձեռքբերումներով են մտնում նոր ուսումնական տարի, նախարար Դումանյանն ուրախությամբ նշեց, որ տարին սկսում են կրթության նոր ռազմավարության և նոր չափորոշիչների կիրառմամբ։

142 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Սուսաննա Նիկոլյանը նշեց, որ նոր ու հագեցած լաբորատորիաներն աշակերտների համար մոտիվացիայի նոր աղբյուր են, որտեղ նրանք հնարավորություն կունենան կիրառել տեսական գիտելիքներն ու ամրապնդել հմտությունները։

«Այս պայմանները յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն են տալու անհատական փորձեր իրականացնել»,- նշեց ուսուցչուհին:

Դպրոցը հիմնովին վերանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորման շրջանակում:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում