Քաղաքականություն

Նոր աշխարհակարգում Հայաստանի վերելքը կապված է լինելու Հնդկաստանի հետ. հայ-հնդկական շահերը եզակիորեն համընկել են

14 րոպեի ընթերցում

Նոր աշխարհակարգում Հայաստանի վերելքը կապված է լինելու Հնդկաստանի հետ. հայ-հնդկական շահերը եզակիորեն համընկել են

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերն ու հնդիկները աշխարհի հնագույն ժողովուրդներից են, որոնք կարևոր հետք են թողել մարդկության պատմության էջերում և այսօր էլ շարունակում են իրենց պատմական ուղին՝ խորացնելով երկկողմ հարաբերությունները նաև պաշտոնական մակարդակով: Ու թեև աշխարհագրորեն Հայաստանն ու Հնդկաստանը իրարից բավական հեռու են, այդուհանդերձ, լինելով Արևելքից դեպի Արևմուտք տանող առևտրատնտեսական ճանապարհների վրա՝ հայ և հնդիկ ժողովուրդները դեռևս հնագույն ժամանակներից հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային սերտ կապեր են հաստատել և սերտորեն առնչվել են միմյանց դարեր, եթե չասենք՝ հազարամյակներ շարունակ: Լավ լուրն այն է, որ բարեկամ երկու երկրներն այսօր հնարավորություն ունեն կրկին կապվելու իրար հետ նույն ճանապարհով՝ նպաստելով միմյանց ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և ազգային վերելքին:

Երկու ազգերն էլ բարդ ճանապարհ են անցել՝ պատմական տարբեր շրջափուլերում կորցնելով իրենց անկախությունը և երկար տարիներ պայքարելով օտար զավթիչների ու գաղութարարների դեմ։ Ընդ որում, որոշ դրվագներում դա արել են համատեղ ուժերով՝ ինչպես, օրինակ, 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ Բենգալիայում անգլիացի գաղութարարների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարը հայազգի Գորգին Խանն էր՝ Գրիգոր Հարությունյանը: Մյուս կողմից էլ, ինչը ևս շատ հատկանշական է, պարսից և օսմանյան տիրապետության տակ գտնվող Հայաստանի անկախ պետականության մասին գաղափարներն առաջին անգամ ի հայտ են եկել հենց Հնդկաստանում ապրող հայ մտավորականների ուղեղներում: Ի վերջո, 20-րդ դարում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Հնդկաստանը երկարատև մաքառումներից հետո վերանվաճել են իրենց անկախությունը և միջպետական հարաբերություններ հաստատել:

Ընթացիկ տարում Հայաստանն ու Հնդկաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը` 1992 թ. օգոստոսի 31-ին:

Հնդկաստանի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հայ փորձագետները դիվանագիտական տարեդարձը շատ լավ առիթ են համարում դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները վերարժևորելու և Երևանի հայացքը դեպի Արևելք՝ ոչ միայն դեպի «Մետաքսի նոր ճանապարհ» կառուցող Չինաստան, այլև դեպի շախմատի, թեյի, յոգայի, փղերի, համեմունքների, բուդդիզմի և վերջապես բոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի հռչակավոր հայրենիք՝ ձևավորվող նոր աշխարհակարգում իր տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական մեծ ներուժով լուրջ հայտ ներկայացնող, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կառուցող Հնդկաստան ուղղելու համար: Ընդ որում, «բանալի» բառերն այստեղ ոչ թե Հնդկաստանի ավանդական այցեքարտերն են՝ լինի շախմատը, թեյը, փղերը թե Բոլիվուդը, այլ նրա ժամանակակից հնարավորություններն ընդգծող բնորոշումները: Հենց սա էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցի հիմնական ուղերձներից մեկը, որ ժամանակակից Հնդկաստանն այլևս այն չէ, ինչ հայ հեռուստադիտողը սովոր էր տեսնել Ռաջ Կապուրի սիրված, բայց շատ հին՝ դեռևս 1950-60-ական թթ. նկարահանված ֆիլմերում:

«Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան», - ասել էր դեսպանը՝ հիշեցնելով, որ այսօր Հնդկաստանը աշխարհի 6-րդ խոշորագույն տնտեսությունն է 2.6 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև՝ հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը կարևորում է հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա տարեդարձը՝ շեշտելով երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և խորացնելու արդիականությունն ու անհրաժեշտությունը: Արևելագետը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Արևմուտք հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերի և այդ ծրագրերում Իրանին ու Հայաստանին վերապահված կարևորագույն դերի մասին:

«Հայաստանում շատ չեն խոսում և ուշադրություն չեն դարձնում այն իրողության վրա, որ այսօր Ասիայում, Չինաստանի՝ տնտեսական ուժ դառնալուց հետո, արդեն Հնդկաստանն է քայլեր ձեռնարկում իր տնտեսությունն ու իր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և արդեն ունի ճանապարհներ հասնելու մեր տարածաշրջան և Մերձավոր Արևելք: Նա արդեն պատրաստ է և բացեիբաց հայտարարում է, որ ինքն ունի իր ծրագիրը, և այդ ծրագրում մեր տարածաշրջանից կարևորագույն դեր են ստանձնում Իրանը և Հայաստանը: Այդ իմաստով, այո՛, ես կարևորում եմ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի այս առիթը», - ասաց փորձագետը:

Այս համատեքստում արևելագետ Արարատ Կոստանյանը շեշտում է, որ հարկավոր է հնարավորություններ գտնել ավելի խորացնելու հայ-հնդկական հարաբերությունները՝ չմոռանալով, որ հայերը մեծ դեր են ունեցել Հնդկաստանում և մասնավորապես Կալկաթայում՝ որպես հայ համայնք, որը մինչև օրս կա և գործում է:

«Հնդիկ ժողովրդի և հնդիկ մասնագետների, քաղաքական գործիչների, պատմաբանների հիշողության մեջ դեռ վառ է հայ ներկայությունը Հնդկաստանում, և մինչ օրս անգլիալեզու գրքեր են գրվում Կալկաթայի հայ համայնքի մասին: Ուստի մենք պետք է, այդ իրողությունը հաշվի առնելով, կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև գիտական, կրթական, մշակութային և այլ առանցքային ոլորտներում, ինչու չէ՝ նաև ՏՏ ոլորտում, տեխնոլոգիաների համատեղ ստեղծման և մեծ շուկա մուտք գործելու բնագավառում», - հավելեց մասնագետը:

Հասարակական-քաղաքական գործիչ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, որն ուշի-ուշով հետևում է ոչ միայն տարածաշրջանային զարգացումներին, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց ձևավորվող «նոր աշխարհակարգի» և Հնդկաստանի աճող դերի ու հեղինակության մասին:

Վերլուծաբանը վստահ է, որ Հնդկաստանը շատ ավելի կարևոր դեր է ստանձնելու «նոր աշխարհակարգում»: Ընդ որում, այդ նոր աշխարհում կամ այլ կերպ ասած՝ «չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում», ըստ Գարեգին Չուգասզյանի, Հայաստանի և հայ ժողովրդի վերելքը կրկին կապված է լինելու Հնդկաստանի հետ, քանի որ երկու երկրները հնարավորություն ունեն կապվելու իրար Հնդկաստանից մինչև Եվրոպա ձգվող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով:

Չուգասզյանի խոսքով՝ Հնդկաստանի առաքելությունն այդ նոր աշխարհակարգում շատ առումներով եզակի է լինելու, քանի որ նա մի կողմից աշխարհի ամենահին մշակույթներից մեկի կրողն է, մյուս կողմից՝ ժամանակակից տեխնոլոգիաների և չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնորդ երկրներից է դառնում:

«Մարդկությունն ունի խորը հոգևոր ժառանգության և տեխնոլոգիական առաջադիմության յուրացման այդ սինթեզի կարիքը», - կարծում է վերլուծաբանը:

Այդ առումով Գարեգին Չուգասզյանը ակնհայտ նմանություններ է տեսնում հայ և հնդիկ ժողովուրդների միջև, քանի որ երկուսն էլ, լինելով շատ հին ժողովուրդներ և կարևորելով իրենց ինքնությունը, իրենց արմատներն ու մշակույթը, միաժամանակ կարողացել են մշտապես թարմանալ, նորանալ, հարմարվել նոր իրավիճակին և յուրացնել գիտական նոր հայտնագործություններն ու տեխնոլոգիաները:

«Նախորդ դարաշրջանի փորձը ցույց է տալիս, որ մեր՝ հայ ժողովրդի վերելքը, թարմացումը ուղղակիորեն կապված է եղել Հնդկաստանի հետ, այնտեղ են ծնվել հայկական պետականության, սահմանադրության նոր գաղափարները: 16-17-րդ դդ. հայերը գնացին Հնդկաստան և այնտեղից վերադարձան թարմ գաղափարներով: Եվ ես կարծում եմ, որ նույնը տեղի է ունենալու նոր բացվող չորրորդ արդյունաբերական դարաշրջանում. բոլոր մեծ ու փոքր ինքնությունները պիտի նորանան: Ինչպես ասացի՝ հայերն ու հնդիկներն այդ առումով շատ նման են իրար: Եվ քանի որ կան ընդհանուր շահեր, հայ-հնդկական շահերն այսօր աշխարհում եզակիորեն համընկել են. թեև մենք փոքր երկիր ենք, բայց Հյուսիս-Հարավ առանցքի վրա գտնվող երկիր ենք, մեծ շղթայի փոքր օղակ ենք, իսկ Հնդկաստանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կառուցող հիմնական երկրներից մեկն է, ուստի այդ հիմքի վրա մենք կարող ենք շատ լուրջ համագործակցություն ծավալել», - մեկնաբանեց Գարեգին Չուգասզյանը:

Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը հանդիսավոր կերպով նշվել էր օգոստոսի 15-ին Հնդկաստանի Անկախության 75-րդ տարեդարձի առթիվ Երևանում Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում: Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել էր Հնդկաստանի կառավարությանը և բարեկամ հնդիկ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ շեշտելով, որ Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումը և ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը իր հերթին նշել էր, որ Հայաստանը Հնդկաստանի վստահելի գործընկերն է:

Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. օգոստոսի 31-ին: Կիշան Դան Դեվալը ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թ. սեպտեմբերի 13-ին: 2021 թ. հուլիսի 6-ից Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Յուրի Բաբախանյանն է: 2021 թ. հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան եկավ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Դա Հնդկաստանի արտգործնախարարի՝ պատմության մեջ տեղի ունեցած առաջին այցն էր Հայաստան: 2022 թ. ապրիլի 25-28-ը աշխատանքային այցով Հնդկաստան մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հուլիսի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայերի և հնդիկների փոխհարաբերությունների մասին ամենավաղ փաստագրական հիշատակումները գալիս են դեռևս մ.թ.ա. 5-4-րդ դդ. և արձանագրված են հույն պատմիչ Քսենոփոնի (մ.թ.ա. 430-350 թթ.) «Կյուրոպեդիա» աշխատությունում: Ըստ Հնդկաստանի դեսպան Կ. Դ. Դեվալի՝ մ.թ.ա. 50 թվականին հնդիկ երկու արքայազն մեծաթիվ բնակչության հետ միասին արտագաղթել է Հնդկաստանի Կաննուջ քաղաքից և հաստատվել Արևմտյան Հայաստանում, որտեղ տեղի հայ բնակչությունը մեծ սիրով ու հյուրընկալությամբ է ընդունել նրանց:

Ժամանակի ընթացքում միգրացիոն շարժեր եղել են նաև հակառակ ուղղությամբ: Հատկապես նոր ժամանակներում՝ 16-18-րդ դդ., Հայաստանից, Նոր Ջուղայից մեծ թվով հայեր են գաղթել դեպի Հնդկաստան և հաստատվել Ագրա, Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ և այլ քաղաքներում՝ հիմնելով Հնդկաստանի նշանավոր հայ համայնքն ու ակտիվորեն ներգրավվելով տեղի առևտրատնտեսական ու հասարակական կյանքին: Նրանց մեջ շատ էին հատկապես առևտրականները, զինվորականները, պետական ծառայողները, օրինակ՝ հայտնի հայ վաճառական խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը (1680-1751) կամ օրինակ՝ 1760-ական թթ. Բենգալիայում անգլիացի գաղութարարների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատար Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան): Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել նաև հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ։ Հենց այս համայնքում են Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը և այլ ականավոր հայ գործիչներ 1770-ական թթ. հիմնել Մադրասի նշանավոր խմբակը, որը մեծ դեր պիտի խաղար այն ժամանակ դեռևս օտար տիրապետության տակ գտնվող Հայաստանի ազգային-ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Երևան

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրավունք

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Հայաստան

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Իրավունք

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում