Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական զարգացման համատեղ ծրագրեր կիրականացնեն. ստորագրվել է եռակողմ հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն. Երևանի քաղաքապետարանի, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, հիմնադրամի տնօրեն Դավիթ Կարապետյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ժամկոչյանը: Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, գործակցությունը հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն կտա: Մասնավորապես, կրթօջախներում նախատեսվում է ձևավորել առանձնացված խմբակներ, որտեղ աշակերտները հիմնական դասաժամերից հետո կկարողանան իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնականում փորձարկել մասնագիտական նախընտրելի ուղղություններով: Ծրագրով առանձնակի են կարևորվում գործարարական հմտությունները՝ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալելու համար:

«Քայլեր կձեռնարկվեն նաև կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ինչպես նաև աշխատաշուկայում կրթական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացման ու որակավորված մասնագետներով ապահովման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կրթության ոլորտում նախաձեռնվող ցանկացած նախագիծ ու ծրագիր կարևոր դերակատարում կարող է ունենալ ապագայի համար էլ ավելի կրթված ու մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Իր լիազորությունների շրջանակում համայնքը կանգնած է բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ համայնքի հետ համատեղ ծրագրերի իրագործումը պարտավորեցնող է: Դավիթ Կարապետյանն ու Մարինե Ժամկոչյանը նաև համոզմունք են հայտնել, որ համատեղելով ջանքերը կհասնեն ցանկալի արդյունքի:

Հայերեն Français

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում