Հայաստանում մշակվում է զբոսավարների աշխատանքը թվայնացնող և զբոսաշրջիկների կյանքը հեշտացնող հավելված

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը զուգահեռ մշակվում է նոր հավելված, որը հնարավորություն կտա թվայնացնել զբոսավարների աշխատանքը. հավելվածը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել ու գտնել վայրը, որտեղ ցանկանում են այցելել:

Memopin ստարտափի համահիմնադիր Կարեն Վարդազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ Հայաստանում ակտիվ զարգանում է ներքին տուրիզմը, զարգացմամբ չի զիջում նաև ՏՏ ոլորտը, իսկ դրանց միաձուլմամբ մշակված նոր հավելվածը կարող է էլ ավելի մեծացնել զարգացման հնարավորությունները:

Համահիմնադիրը պատմեց՝ ինքն ու ընկերը ճանապարհորդության մեկնելիս նկատել են, որ շատ ժամանակ են ծախսում հասկանալու համար, թե ուր և ինչպես գնան: Սկսել են տարբեր գաղափարներ գեներացնել և իրագործել, որի արդյունքում զարգացրել են ստարտափի գաղափարը:

«Երազում էի լինել ռոքի հայրենիք Լոնդոնում, մեծ հաշվով «Փինք Ֆլոյդ» խմբի համար: Ֆուտբոլի համար ուզում էի Ամստերդամ, Միլան գնալ: Ամենացավալին այն է, որ մարդը գնում հասնում է այնտեղ ու ընկնում է Google քարտեզի ձեռքը, այսինքն` տեսնում ստանդարտ, ոչ անհատական առաջարկներ: Այստեղից էլ հանգեցինք այն գաղափարին, որ անհրաժեշտ է ունենալ քարտեզ, որտեղ հնարավոր կլինի պահպանել ցանկացածդ վայրը, տեսնել թե մոտակա հյուրանոցից ինչպես կարող ես հասնել քո նպատակակետին, նույնիսկ հնարավորություն ստեղծել մինչև ցանկացածդ վայրը հասնելը պահպանել բոլոր այն վայրերը, որոնք մտադիր ես այցելել»,- ասաց Վարդազարյանը:

Memopin ստարտափը ունի լայն հնարավորություններ, որի հիմնական գործառույթները երեքն են.

  • հարթակ, որտեղ «սթորիթելերները», զբոսավարները պրակտիկ կերպով կարող են օգնել անկախ տուրիզմին բլոգփոստով, աուդիո կամ վիդեո տարբերակներով,
  • այն հնարավորություն է տալիս հյուրանոցներին, հյուրատներին, ռեստորաններին ներկայանալ հարթակում,
  • հավելվածը կարող է օգտակար լինել այն զբոսաշրջիկներին, ովքեր կոնկրետ վայրում իրենց հետաքրքրող զբաղմունք, հյուրանոց, հյուրատուն, ռեստորան, թանգարան և այլ անելիքներ են փնտրում:

Հիմնադրի դիտարկմամբ կարևոր է լոկալ զբոսավարների գիտելիքների, փորձառության, օգտակար խորհուրդների թվայնացումը: Եթե զբոսավարը օրական կտրվածքով կարող է սպասարկել 10 զբոսաշրջիկի, ապա, իր գիտելիքները թվայնացնելով, կարող է դրանք տրամադրել կամ վաճառել 100-ավոր զբոսաշրջիկների: Հարթակում հնարավոր է բրենդավորվել, ստանալ առանձին էջ, տարբերանշան:

Memopin-ը հարթակ է ստեղծարարների համար՝ վստահեցնում է հիմնադիրը: Աշխատում են տարբեր բլոգերների հետ, ովքեր օգտվում են իրենց մատուցած ծառայություններից, իրենք էլ, իրենց հերթին, ավտոմատ կերպով գովազդվում են տվյալ բլոգերի «Յութուբ»-ի կամ այլ հարթակներում:

«Եթե մենք չկանք բլոգերի ձեռքի տակ, ինքն օգտագործելու է Google քարտեզը և ինչ-որ գումար է աշխատելու այդ ռեստորաններից: Եթե բլոգերն օգտագործի մեր հավելվածը, շատ հավանական է, որ հետևորդները ավելի հետաքրքրվեն տվյալ ռեստորաններով, իսկ բլոգերն էլ ավելի շատ գումար կվաստակի: Մենք ապահովելու ենք բիզնեսի և «սթորիթելերի» կապը: Այս ծառայության համար պետք է մեզ վճարեն 7-10 դոլար»,- առանձնացրեց հիմնադիրը:

Memopin-ում տարբեր հյուրատները, ռեստորանները, հյուրանոցներն ու սրճարանները կարող են ստեղծել իրենց մարքեթինգային ռազմավարությունը: Հարթակը հնարավորություն է տալիս ներկայացնել ինքդ քեզ, քո հարակից տարածքում գտնվող զվարճանքի վայրերը: Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ամսական 10-15 դոլար վճարել:

«Շատ հաճախ մարդիկ հյուրանոց են գնում, փորձում են հասկանալ թե ինչ հետաքրքիր թանգարաններ, ռեստորաններ կան տարածքում: Իրենց հարցերին հիմնականում պատասխանում են հյուրանոցի ընդունարանի աշխատակիցները: Կարևոր է, որ 21-րդ դարում մարդիկ չունենան այդ խնդիրը: Փորձում ենք մեր հավելվածի միջոցով տալ այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հնարավոր է առաջանան զբոսաշրջիկի մոտ: Քարտեզն այս ծառայության համար գումար չի պահանջում»,- նշեց Վարդազարյանը:

Հիմա աշխատում են Memopin-ի վեբ տարբերակի վրա, շուտով այն պատրաստ կլինի նաև Android և iOS համակարգերի համար: Memopin-ը միջազգային Extraordinary Travel Festival-ի գլխավոր հովանավորն է: Այն կայանալու է հոկտեմբերին: Հիմնադրի խոսքով` հենց այդ ժամանակ հնարավոր կլինի ծանոթանալ հավելվածի հնարավորություններին:

Վարդազարյանը ընդգծում է՝ տուրիզմի կոմիտեն դրական է արձագանքել իրենց հարթակի գաղափարին: Հիմնադրի խոսքով իրենց արտադրանքը մեծ հնարավորություններ ունի համաշխարհային շուկա դուրս գալու համար:

Կարինե Տերտերյան

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ