Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում. Բորելը ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
2 րոպեի ընթերցում
![Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում. Բորելը ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1088547.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում: Եվրամիությունը լիարժեքորեն ներգրավված է՝ աջակցելու խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասին: Կարգավորումն ու հաշտեցումը հնարավոր է միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- նշել է Բորելը:
Հուլիսի 16-ին Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել էին նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել էր հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։Նա շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Արձանագրվել էր շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը: