Էրեբունի ամրոցը Հայաստանի բրենդներից մեկն է. հայ-ֆրանսիական արշավախումբն ամփոփել է ամրոցում պեղումների արդյունքները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի ամրոցի միջնաբերդում ամփոփվեց 2008 թվականից ամրոցի տարածքում իրականացվող պեղումների 1 տարվաարդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի միջնաբերդում արշավախումբը հյուրընկալեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին` ներկայացնելով իրականացված պեղումների արդյունքները և արգելոց-թանգարանի հետ համագործակցության հեռանկարները:

Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում կենտրոնացած է բերդի մոնումենտալ կենտրոնի՝ ուրարտական տաճարների և մեծ սյունասրահի վրա:

«2021թ․ պեղումների ընթացքում շարունակվեց Իուբսայի տաճարի հրապարակի ուսումնասիրությունը, որը հնարավորություն տվեց պատկերացում կազմել մ.թ.ա. 8-րդ կամ 7-րդ դարի սկզբում դրա վիճակի մասին: Մեր կարևորագույն խնդիրներից էր փորձել հստակեցնել անցումային շրջանները՝ ուրարտական ժամանակաշրջանի ավարտից մինչև Աքեմենյան շրջանի ստեղծման միջև, այն հետուրարտական շրջանն է, որի ժամանակ ստեղծվել է Երվանդունիների հայկական թագավորությունը: Քիչ ուսումնասիրված ու կարևորագույն շրջան մեզ համար» ,- ասաց տնօրենը:

Միքայել Բադալյանն ընդգծեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հայկական կողմի բյուջեն, եթե ոչ ավել, ապա հաստատ հավասար է ֆրանսիական կողմի բյուջեին, ինչպես նաև այժմ աշխատանքներին մասնակցում են հայ հնագետներ, ինչը չափազանց կարևոր է:

«Մենք կամաց-կամաց պետք է իրականացնենք Էրեբունի ամրոցի վերաարժևորումը, որովհետև այն Հայաստանի դեմքն ու կարևորագույն բրենդներից մեկն է: Որպես հնագետ ասեմ, որ շատ լավ է հուշարձանը պեղելը, բայց ինչ-որ մի ժամանակ պետք է կանգ առնել: Մեր ֆրանսիացի գործընկերների հետ մենք պետք է հասկանանք, երբ ենք մենք կանգ առնում, որպեսզի կարողանանք վերականգնել և պահպանել այն, ինչը կա, քանի որ պեղելուց բացի մենք նաև պետք է տեր լինենք և հոգանք պեղածի մասին»,-ասաց Միքայել Բադալյանը:

Նա ընդգծեց, որ և՛ իրենց, և՛ ֆրանսիացի հնագետների համար Էրեբունի թանգարանում պեղումներ իրականացնելը երազանք էր, քանի որ Էրեբունիում ամեն մեկը չէր կարող պեղումներ իրականացնել: Առհասարակ Էրեբունի թանգարանը Հայաստանի համար անփոխարինելի գանձ է, որը պետք է ամեն գնով պահպանել: Ծրագիրը այս տարի ավարտվում է, իսկ մյուս տարի պետք է դեռ հասկանան, թե՞ ինչ ֆորմատով են ուզում աշխատանքները շարունակել. կսկսե՞ն պեղումները, թե՞ կանգ կառնեն և կսկսեն վերականգնման և պահպանման աշխատանքները:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշեց, որ ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամը հայ և ֆրանսիացի գործընկերների, ուսանողների հետ միասին աշխատում է այս հնավայրում երկար տարիներ շարունակ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ:

«Կարծում եմ այս համագործակցությունը թույլ է տալիս ճիշտ պատկերացնել հնավայրը և հասկանալ նրա բարդությունը: Սա առիթ է նաև համատեղել հայկական և ֆրանսիական տարբեր աշխատելաոճերը գիտական և հետազոտական ոլորտներում»,-ասաց դեսպանը:

Ֆրանսիացի պրոֆեսոր Ստեֆան Դեշամը ներկայացրեց, որ այստեղ են մի կողմից հայ հնագետ գործընկերների հետ գիտական համագործակցություն ծավալելու և գիտական փոխանակումներ ունենալու, մյուս կողմից Էրեբունի ամրոցի ողջ պատմությունը ուսումնասիրելու համար: Նա նշել է, որ այստեղ պեղումներ են իրականացվել դեռևս 1950-60 թթ-ին, սակայն ամրոցի պատմությունը դեռ բազում հարցեր ունի, որոնց պատասխանները փորձում են գտնել հնագիտական պեղումների միջոցով:

«Մեզ համար կարևոր է հասկանալ Ուրարտական թագավորությունից Աքեմենյան թագավորություն անցման այս կարևոր ժամանակաշրջանը: Գործնականում ունենք գրեթե մեկ դար, որի մասին տեղեկություն չունենք, և որը կարող է համապատասխանել առաջին հայկական թագավորության ստեղծմանը, եթե հենվենք, օրինակ, Մովսես Խորենացու վարկածի վրա»,-եզրափակեց հնագետը:

Հայերեն Español Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ