Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից հայ գերիներին պատանդ պահելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից հայ գերիներին պատանդ պահելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ:

«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին համակարծիք էին, որ պատվիրակության այցը լավ առիթ է՝ ուրվագծելու կողմերի միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում հայկական կողմըներկայացրել էԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի,ինչպես նաևՀայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող աշխատանքներիշուրջ դիրքորոշումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի և Լեռային Ղարաբաղի հակամարտություն չկա, միջազգային հանրության շրջանում առկա է համընդհանուր կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նշվում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին,որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նպատակաուղղված քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է հրատապ լուծում պահանջող այս խնդիրների լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական քայլերի կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում