Հասարակական

Երևանի Օրբելու փողոց 23 հասցեի շենք-շինությունները և հողամասը ներկայացվել են օտարման

2 րոպեի ընթերցում

Երևանի Օրբելու փողոց 23 հասցեի շենք-շինությունները և հողամասը ներկայացվել են օտարման

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Օրբելու փողոց 23 հասցեում շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը կներկայացվեն օտարման՝ մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Մասնավորապես, ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 քառ. մետր մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

«Այս գույքը պետական կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին, նախկինում եղել է զինվորական հիվանդանոցի շենք-շինությունները և հողամասը։ Կառավարության 2020 թվականի համապատասխան որոշմամբ գույքը ներկայացվել է մեկ անգամ օտարման մրցույթով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 8,2 միլիարդ դրամ, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով վերոնշյալը, այս նախագծով առաջարկվում է գույքը օտարել մրցույթով մեկնարկային գին սահմանելով գնահատված արեքի 80 տոկոսի չափով՝ շուրջ 6,6 միլիարդ դրամ ծավալով»,- ասաց Տերտերյանը։

Նախագծով սահմանվում է նաև, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարիների ընթացքում, ներկայացված առաջարկները կհաշվարկվեն կշռային գործակիցներով, կտրվի առավելություն միանվագ վճարում կատարողին, որը հնարավորություն կստեղծի ավելի լայն մասնակիցների շրջանակ ներգրավվելու այս մրցույթային առաջարկին մասնակցելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում