Life

Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով: Նրանք երաժշտասերներին են ներկայացրել «Ամպեր» երգը: Երգի հոլովակը, որի ռեժիսորը Հրագ Եդալյանն է, արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամպեր» երգը գրվել է 2017 թվականին, երբ Թանկյանն իր ընկերներ Ատոմ և Արսինե Էգոյանների, Էրիկ Նազարյանի հետ այցելել է Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ:

«Քվեատուփին չհասած ՝ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ծնվեց երգը։ Երգը հորդորում է միասնական ու ներդաշնակ լինել, ինչը հայ ազգի միակ և իսկապես հզոր ուժն է»,-նշում է Թանկյանը:

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հասցվել 2022-ին։

«Ամպեր» երգի վերջնական տարբերակը Սևակ Ամրոյանի հետ կատարելու մասին խոսելով՝ Սերժ Թանկյանն ասում է. «Սևակի ձայնը եզակի ուժ ունի: Ես սիրով լսում էի նրա կատարումները, որոնցից էր «Յարխուշտան», այնպես որ նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքով սպասում էի միասին աշխատելուն»:

Սևակ Ամրոյանն էլ խոստովանում է, որ Սերժ Թանկյանի երգերը լսել է մանկուց և հպարտությամբ:

«Ծանոթանալով Սերժի հետ՝ հասկացա, որ աշխարհահռչակ երաժիշտ լինելուց բացի, նա լավ հայ է ու բացառիկ հայրենասեր: Ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար ու շնորհակալ Սերժին, որ «Ամպեր» երգը միասին ենք երգում: Դա ինձ համար մեծ պատիվ է»,-ընդգծում է Ամրոյանը:

Թանկյանն իր անձնական և մասնագիտական կարիերայի ընթացքում պայքարել է բազմաթիվ հասարակական, քաղաքական հարցերի արդար լուծման համար: Նա հաճախ երաժշտությունն օգտագործել է որպես գործիք՝ ոգեշնչելու և միավորելու մարդկանց հանուն փոփոխությունների: «Ամպեր» երգը նրա երկարատև ջանքերի ամենանոր էջն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում