4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում շահագործման հանձնվեց Հրազդան գետի վրա կառուցված արդեն 5-րդ կամուրջը, որն ավտոճանապարհային ուղիղ կապ է հաստատում Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև՝ էապես նպաստելով մայրաքաղաքի երթևեկության թեթևացմանը: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ լինելով Հյուսիս-հարավ ավտոճանապարհային ծրագրի բաղադրիչներից մեկը՝ նորակառույց Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը նաև միջմարզային և միջպետական կարևոր նշանակություն ունի:
Նոր ճանապարհի բացման արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ նորակառույց Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ մայրուղու՝ Երևանի տարածքով անցնող միջանկյալ հատվածն է, որը Աշտարակ–Բաբաջանյան հատվածի շինարարության ավարտից հետո հնարավորություն է տալու շատ կարճ ժամանակում Արագածոտնի մարզից հասնել Արարատի մարզ՝ շրջանցելով Երևանի կենտրոնը:
Քաղաքապետը ճանապարհահատվածի շինարարությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորեց բոլորին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ Ասիական զարգացման բանկին, շինարարական կազմակերպությանը՝ «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» ընկերությանը, «Aegis International» ընկերությանը, որը նախագծման և վերահսկման աշխատանքներն է իրականացրել, ինչպես նաև վրացական գործընկերներին և հայկական շինարարական կազմակերպությանը, որոնք իրականացրել են անմիջական աշխատանքները:
Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք:
Կամրջի փորձարկման համար առաջինը դրա վրայով անցան բեռնատար ավտոմեքենաները, այնուհետև իր շարասյունով անցավ վարչապետը:
Երևանի քաղաքապետարանը և իսպանական «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն»-ը Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման մասին պայմանագիրը կնքել են 2019 թ. հուլիսի 16-ին: Ընդհանուր արժողությունը 26 մլն ԱՄՆ դոլար է: Ճանապարհի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2019-ի սեպտեմբերի 6-ին:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև՝ կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:
Ճանապարհի ամբողջ երկարությունը կազմում է 2.7 կմ, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց: Շիրակ փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:
Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի իրականացման շրջանակներում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265 մլն ՀՀ դրամ:
Լրագրող՝ Արամ Սարգսյան
Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան