Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսարանը՝  կապող օղակ երկու երկրների միջև. հյուպատոս

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը իր նշանակման օրվանից՝ 2012 թվականից, կարևոր կապող օղակ է ստեղծել երկու երկրների միջև, իրականացրել տարաբնույթ ծրագրեր և ապագայի հետ կապված դեռ շատ ծրագրեր ունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի պատվավոր հյուպատոսը նշեց, որ հյուպատոսարանի իրական գործունեության մասին Հայաստանում, ցավոք, շատերը տեղյակ չեն: Մեծ մասը դիմում են վիզա ստանալու նպատակով՝ չիմանալով, որ հյուպատոսարանը վիզա չի տրամադրում:

Հայաստանում Իսպանիայի Թագավորության հյուպատոսարանի գործունեությունը

«Հայաստանում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվում է Հայաստանում ապրող և աշխատող բազմաթիվ իսպանացիների խնդիրներով:-Ասում է Արմինե Ադամյանը:- Սկսած փաստաթղթերի հետ կապված խնդիրներից, մինչև մահվան դեպքերը, ինչի ժամանակ հյուպատոսի կնիքը փաստաթղթերում պարտադիր է: Ինչպես նաև շատ մեծ աշխատանքներ ենք տանում՝ օգնելով հայերին, ովքեր տարբեր խնդիրներ են ունենում կապված ճանապարհորդությունների, անձնագրի կամ բանկային քարտերի հետ: Անմիջապես գլխավոր հյուպատոսարանի հետ ենք կապվում և խթանում ենք, որ նրանց խնդիրները շատ արագ լուծվեն: Օրինակ՝ պատվիրակությունը երկու օրից պետք է մեկնի գործուղման, մարդիկ խաղերի, գիտաժողովների են մասնակցելու, բայց Ռուսաստանում գտնվող գլխավոր հյուպատոսարանից պատասխանն ուշանում է կամ չկա, ես անմիջապես կապվում եմ ՌԴ հյուպատոսարանի հետ և փոխանցելով տվյալները՝ բանակցում եմ, որ արագացնեն, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց հնարավորությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով վիզաների տրամադրմանը՝ հյուպատոսը շեշտեց, որ Հայաստանում կա BLS վիզաների կենտրոն և ըստ օրենքի բոլոր փաստաթղթերը վիզաների կենտրոնի միջոցով գնում են Մոսկվա, որտեղ էլ հաստատվում են:

Իրականացված ծրագրեր

Ներկայացնելով իրականացրած աշխատանքները՝ Արմինե Ադամյանն ասաց, որ հյուպատոսարանը նպաստում է մշակույթի, լեզվի զարգացմանը, և եղել են տարիներ, որ իրենց ջանքերով Հայաստան են հրավիրվել տարբեր հայտնի պարային խմբեր, երաժիշտներ, օպերային երգիչներ, ինչն իրականացվել է երկու կողմերի համաֆինանսավորմամբ: Եվ մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել անվճար վայելելու այն մշակութային արժեքները, որոնք ունի Իսպանիան:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկու տարի է իմ ջանքերի շնորհիվ Իսպանիան հայտեր է ուղարկում Հայաստան՝ հրավիրելով համապատասխան գիտելիքներով ուսանողների և աշակերտների, որպեսզի նրանք ուսանեն Իսպանիայում՝ հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչը, կարծում եմ, շատ մեծ հնարավորություն է Հայաստանի երիտասարդներ համար»,- ասաց պատվավոր հյուպատոսը:

Ծրագրեր ներկայի և ապագայի համար

Արմինե Ադամյանը հույս հայտնեց, որ եթե վերջին շրջանում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները թույլ տան, և ինչ-որ բան աշխարհում չփոխվի, ամեն ինչ հարթ անցնի, իրենք ծրագրել են այս տարի ևս նշել Իսպանիայի ազգային տոնը և դրա շրջանակում նորից հրավիրել մշակութային գործիչների:

«Ծրագրերից մյուսը, որը ինձ համար շատ կարևոր է, յուրաքանչյուր ոլորտում փորձի փոխանակում իրականացնելուն նպաստել կարողանալն է: Ես բավականին մեծ ջանքեր եմ ներդնում, որպեսզի կարողանամ գտնել այնպիսի կառույց, որը կցանկանա համագործակցել Հայաստանի հետ և բացել ուսուցողական կենտրոններ, որտեղ մասնագետները կկիսեն իրենց փորձն ու գիտելիքները, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, և այն, ինչ մենք սովորել ենք նախկինում ու այն ինչ հիմա աշխարհը կարող է տալ, լրիվ տարբեր բաներ են: Եվ երրորդ ծրագիրը, որը կցանկանայի իրականություն դառնար, Հայաստանում Սերվանտեսի դպրոց բացելն է: Արդեն բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ, որպեսզի ֆինանսավորեն և այստեղ բացեն այդ դպրոցը»,- ասաց նա:

Պատվավոր հյուպատոսը նշեց, որ տարածաշրջանը հարմար է նաև բիզնեսի տեսանկյունից, և մի քանի տարի է փորձում է իսպանացի գործարարներին ներկայացնել հայկական շուկան և համոզել, որ որոշ մասնաճյուղեր և գործարաններ բացեն Հայաստանում, ինչն իրենց կտա այլ շուկաներ և զարգացման մեծ հեռանկարներ:

«Նշեմ, որ վերջերս իմ միջամտությամբ «Զառա» հագուստի բրենդի որոշակի մոդելներ կարվում են Հայաստանում: Ես ինքս եմ բանակցել, այսինքն՝ մենք գործարարի կողքին ենք լինում այնքան ժամանակ, մինչև իրենք սկսում են համագործակցել: Կոնկրետ այս պահի դրությամբ էլ բանակցում եմ հագուստի «Մանգո» կազմակերպության հետ, որպեսզի կարողանանք հնարավորություն ստեղծել որոշ մոդելներ Հայաստանում արտադրել: Քանի որ, մտածում եմ, դա ևս մեր երկիրը գովազդելու լավ տարբերակ է: Մարդիկ վերցնում են հագուստը և նայում, թե որտեղ է այն արտադրված, օրինակ՝ նույն «Զառան» արտադրվում է տարբեր երկրներում, և տեսնելով «Արտադրված է Հայաստանում» պիտակը՝ մարդիկ սկսում են հետաքրքրվել, մարդիկ կսկսեն ճանաչել մեր երկիրը»,-ասաց Արմինե Ադամյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ պատվավոր հյուպատոսը նշեց իր ամենակարևոր ծրագրերից մեկը, որի իրականացման ուղղությամբ տարիներ շարունակ աշխատում է: Դա մշտական չվերթներ իրականացնող իսպանական ավիաուղիներից մեկի հետ համագործակցություն սկսելն է: Քանի որ այս պահին կանոնավոր թռիչքներ իրականացվում են միայն ամառվա ամիսներին: Եվ սա շատ անհրաժեշտ է ներգնա տուրիզմը զարգացնելու համար: Քանի որ զբոսաշրջիկների մի մասը 60-ից բարձր քաղաքացիներ են, որոնց համար տարանցիկ ուղիներով ճանապարհորդելը մի փոքր բարդ է: Իսկ եթե ուղիղ չվերթներ լինեն, Հայաստան եկող իսպանացիների թիվը միանշանակ կմեծանա:

«Ապագայի համար ունեմ նաև Հայոց պատմության և Հայաստանի մասին այլ կարևոր գրքերի իսպաներեն թարգմանության և հրատարակության, դրանք Իսպանիայի հայտնի համալսարանների գրադարանային ֆոնդերում ներմուծելու ծրագրեր: Քանի որ մեր պատմությունը աղավաղվում է շատ երկրներում»,-ասաց նա:

Հայ-իսպանական հարաբերություններ

Արմինե Ադամյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեռ շատ-շատ անելիքներ կան, պետք է ունենալ հստակ ծրագիր: «Ասեմ, որ հաջողվում է հայերի ու իսպանացիների միջև բարեկամություն անել, քանի որ մեր երկու ժողովուրդների սովորությունների, բնավորությունների մեջ շատ նմանություններ կան»,- ասաց նա:

Արմինե Ադամյանը հավելեց, որ հյուպատոսարանը միշտ բաց և պատրաստ է, քաղաքացու կամ պետության որևէ նախագիծ իրականացնելու ցանկության դեպքում, դառնալ անցումային օղակ, աջակցել և ներդնել ողջ ներուժը՝ արդյունավետ և ճիշտ համագործակցություն ստանալու համար:

Իսպանիան արդեն Հայաստանումդիվանագետ է նշանակել, և 2022 թվականի օգոստոսի 1-ից բոլոր դիվանագիտական քաղաքական հարցերով զբաղվելու է նա:

Զրուցեց Գայանե Գաբոյանը

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայերեն Español

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը