Քաղաքականություն

«Դիմադրության» շարժումը օրը ամփոփեց հանրահավաքով եւ քայլերթով

2 րոպեի ընթերցում

«Դիմադրության» շարժումը օրը ամփոփեց հանրահավաքով եւ քայլերթով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերն արդեն ավելի քան երկու շաբաթ շարունակում են փողոցային պայքարը Երևանում եւ մարզերում՝ գործող քաղաքական իշխանությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այսօր՝ մայիսի 10-ին, ընդդիմադիրներն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների առաջնորդությամբ երթեր են իրականացրել Երևանի չորս վարչական շրջաններից դեպի Կենտրոն:

Երթերից մեկի ժամանակ տեղի է ունեցել նաև միջադեպ մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանում: Ցուցարարները որոշել էին փակել փողոցը Երևանյան լճի մերձակայքում, որից հետո ոստիկանությունն անցավ գործողությունների, ինչի հետևանքով սկսվեց հրմշտոց, ցուցարաներից մի քանիսին բերման ենթարկեցին այդ հատվածից:

Օրը ամփոփվել է Ֆրանսիայի հրապարակում երեկոյան տեղի ունեցած ավանդական հանրահավաքով:

Իր ելույթում Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը փայլուն կերպով կատարում է նախորդ օրը իր առջև դրված բոլոր խնդիրները: Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմությունն առաջիկա օրերին ավելի մանրամասն կներկայացնի իր ծրագրերը եւ կհստակեցնի իր քայլերը:

«Ուզում եմ ձեզ փոխանցել, որ Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներն անընդհատ ողջունում էին մեզ», - դիմելով հավաքվածներին՝ տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմադիր գործիչը նաև անդրադարձավ Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ շեշտելով, որ իրենք դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում:

Հանրահավաքից հետո ցուցարարները քայլերթ սկսեցին Երևանի կենտրոնի տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում