Պաշտոնական

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

3 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին` Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ:

Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարեւորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը եւ հետեւողական կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, ինչը վկայում է համամարդկային արժեքների պահպանման եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում Նիդերլանդների հավատարմության մասին:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ դեռեւս լուծված չեն կարեւոր հումանիտար հարցերը: Դրանք են` Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պատշաճ պահպանման խնդիրները, որոնք պետք է լինեն եվրոպացի գործընկերների ուշադրության ներքո:

Նիկո Սխերմերսը խոսել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունից, ներկայացրել դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը` ուղղված ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ օրենքի գերակայության ամրապնդմանը:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության խորացումը ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին եւ հույս հայտնել, որ Նիդերլանդներն իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում:

Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը եւ Մերի Գալստյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում