Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 26-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է բարեկամ Սիրիայի հետ պատմական եղբայրությունը եւ բազմաբեւեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը:

Անդրադառնալով Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝ Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբում:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում է խորհրդարանների միջեւ ձեւավորված փոխվստահությունն ու համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը: Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել է միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաեւ՝ Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը:

Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի եւ սիրիացիների խաղաղասիրության եւ փոխվստահության արդյունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում